276 միլիոն 678 հազար դրամ կհատկացվի 10 դպրոցի գույքի ձեռքբերման համար

Հոկտեմբերի 13-ի կառավարության հերթական նիստին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված բյուջեում վերաբաշխում կատարելու նախագծով 276 միլիոն 678 հազար դրամ ուղղվեց հանրապետության 10 դպրոցի գույքի ձեռքբերմանը: Նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

«Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրի» շրջանակներում սույն թվականին ավարտվում են Երևանի NN 6, 95 և 116,  Օհանավանի, Պտղունքի և Եղեգնաձորի N 1 դպրոցների կառուցման, Երևանի N 18 դպրոցի վերակառուցման, ինչպես նաև «Հերացի» ավագ դպրոցի վերակառուցման և նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները, իսկ 2023 թվականին նախատեսվում է ավարտել Երևանի համար 111 և 122 դպրոցների կառուցման աշխատանքները: Ներկայումս անհրաժեշտ է ապահովել նշված դպրոցների համար գույքի ձեռքբերումը»,- նշել է Դումանյանը։

Անդրադառնալով ծրագրին՝ Դումանյանը շեշտեց, որ ծրագրի շրջանակներում Հայաստանի պետական բյուջեից համաֆինանսավորմամբ իրականացվում են այն դպրոցների վերակառուցման կամ նոր շենքերի կառուցման աշխատանքները, որոնք ընդգրկված են Հայաստանում սեյսմակայունության տեսակետից առավել վտանգավոր դպրոցների ցանկում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print