Մայր Աթոռի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերով գրասենյակն անդրադարձել է Հադրութի շրջանի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցում Ադրբեջանի կողմից կատարած վայրագություններին։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից շարունակ իրականացվող մշակութային եղեռնը, որի նպատակը մեկն է՝ զրկել Արցախ աշխարհը իր պատմական ինքնությունից, հայկականության որևէ վկայությունից:
Որդեգրված այս քաղաքականությունը միտում ունի խորացնելու ազգերի միջև ատելության և անհանդուրժողականության մթնոլորտը և չի նպաստում տարածաշրջանում տևական խաղաղության վերահաստատմանը»,-նշվում հայտարարության մեջ։
Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցին կոչով դիմել է միջազգային հանրությանն ու պատկան կառույցներին՝ հստակ գնահատական տալու այդ հանցագործությանը և գործնական քայլեր ձեռնարկել՝ հետագա վերացումից փրկելու Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային պատմական ժառանգությունը։
Հավելենք, որ օրերս ԱՄՆ Քորնելի համալսարանի Caucasus Heritage Watch կառույցի կողմից հրապարակված արբանյակային տեսագրությունների հետազոտության արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանը հիմնահատակ ավիրել է Հադրութի շրջանի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին (18-19 դդ․):

