Ռուսաստանը շարունակում է պանրի արտահանման հիմնական շուկան մնալ Հայաստանի համար։
Հայաստանյան պանրագործները փորձում են ցույց տալ, որ դեպի Ռուսաստան արտահանման սահմանափակումները, որոնք դեռ պահպանվում են, կարելի է վերացնել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը։
Նշենք, որ 2022 թվականին Հայաստանը մեծացրեց կարագի արտահանումը ՌԴ, և ռուսական կողմի մոտ կասկածներ ծագեցին, որ հայկական արտադրողները հումքը (մասնավորապես՝ սերուցքը) ներկրում են երրորդ երկրներից, ընդ որում՝ ԵԱՏՄ-ի համար թույլատրված մատակարարների ռեեստրում չընդգրկված ընկերություններից։ Ռոսսելխոզնադզորի մասնագետներն անցած տարի տեսչական այց կատարեցին Հայաստան։
Գիգոյանը հիշեցրեց, որ այդ ստուգումներից հետո սահմանափակումներ դրվեցին ոչ միայն կարագի, այլև պանրի արտահանման վրա, թեև պանրի դեպքում հումքի ծագման խնդիրներ չէին եղել ո՛չ 2023-ին, ո՛չ էլ դրանից առաջ։ Այնուհետև Հայաստանից մատակարարվող պանրի «մուտքը» վերականգնվեց, բայց միայն 4 ընկերության համար:
Գիգորյանի խոսքով` պանրի դեպքում ռուսական կողմը ո՛չ կաթի, ո՛չ յուղի ծագման հետ կապված հարցեր չունի (այսինքն՝ չկան կասկածներ, թե մթերքում օգտագործվում են կողմնակի, ոչ կաթնային ճարպեր)։ Խախտումները, որոնց մասին հայտարարում են Ռոսսելխոզնադզորում, հիմնականում կապված են բակտերիալ աղտոտման հետ, ընդ որում՝ թե՛ արտադրության, թե՛ կաթի ընդունման ժամանակ։
«Միաժամանակ վերջին 10-15 տարիներին մեր կաթի արդյունաբերությունը դրական փոփոխությունների է ենթարկվել։ Հայտնվել են ժամանակակից սարքավորումներով արդյունաբերական ֆերմաներ, որոնցից մի քանիսը հենց գործարաններն են բացել։ Այս փոփոխությունները համատարած չեն, բայց նկատելի են և բարձրացնում են որակը: Դա չի կարելի չնկատել»,- հավելեց Գրիգորյանը։
Ռուսաստանը շարունակում է պանրի արտահանման հիմնական շուկան մնալ Հայաստանի համար։ 2023 թվականի առաջին կիսամյակում (վերջին հասանելի տվյալները) դեպի ՌԴ արտահանումը կազմել է մոտ 3,1 մլն դոլար (2022 թվականի առաջին կիսամյակում՝ 4,2 մլն դոլար)։ Այս առնչությամբ Գիգորյանը նշեց, որ արգելքն ազդել է այն արտահանողների վրա, որոնք երկարաժամկետ պայմանագրեր ունեին իրենց լավ ծանոթ շուկայում։
Նշենք, որ ամիսներ առաջ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Ռոսսելխոզնադզորին էր դիմել արգելքը 10 արտադրողների համար հանելու խնդրանքով, որոնցից բավարարվել էին 4-ի հայտերը՝ «Սպայկա», «Ալաշկերտ Գրուպ», «Արաքս 2» և «Գրին Պրոդ» ընկերությունների համար: Երկու երկրների տեսչական մարմինների փոխգործակցությունը շարունակվում է։