Այն բակում, որտեղ ես մեծացել եմ, քո դիմաց չարտահայտվող, բայց հետևից հոխորտացող մարդկանց շատ կոնկրետ քաղաքական գնահատական էին տալիս, ԱԺ-ում հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դիտարկմանը, թե երեկ սահմանազատման հարցով հրավիրված փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ընդդիմադիր պատգամավորները հայտարարել են, որ Արարատ Միրզոյանը շատ վախեցած էր։
Հիշեցնենք՝ փակ նիստից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը նշել էր, որ Արարատ Միրզոյանը Նիկոլից Նիկոլ էր դահլիճում։
Միրզոյանը նշեց ՝ ինքն այլ դրվագ է հիշում, երբ պատասխանում էր ընդդիմադիրների հարցերին։ «Նրանք նեղսրտում էին, որ մուննաթ եմ գալիս, մեղադրական տոնով եմ խոսում։ Բայց ոչ մի կերպ չեմ հիշում, որ որևէ մեկն ասեր՝ էս ինչ վախեցած եք խոսում, պարոն Միրզոյան»,-ասաց նա։
Արարատ Միրզոյանի խոսքով՝ ինքը երեկ, օգտվելով հնարավորությունից, որ նիստը փակ է և «ինչ ասվի, հասանելի կլինի միայն քաղաքական դաշտին ու չի հասնի այլ մայրաքաղաքներ, ռացիոնալ երկխոսություն է ծավալել» ընդդիմադիրների հետ։
«Նրանց բացատրվել է, որ ՀՀ-ն բանակցություններում և առաջին հերթին սահմանազատման վերաբերյալ բանակցություններում կարող է հենվել միայն լեգիտիմության վրա, մենք կարող ենք խոսել, պահանջել այն, ինչն իրավաբանորեն ամուր է, չենք կարող թույլ տալ և մեզ պետք էլ չէ հիմանվորել բաներ, որոնց հիմքերը չունենք։ Այդ մարդիկ էլ, իմ տպավորությամբ, ընդունում էին։ Նիստից հետո այդ հոխորտանքներն անիմաստ եմ համարում առնվազն»,-ասաց Միրզոյանը։