ԱԳՆ-ում այդ քարտեզների ուղարկման հետ կապված ոչ մի տվյալ չի պահպանվել. Փաշինյանը՝ ՄԱԿ-ին տրված քարտեզների մասին

Այդ թեմայով հիմա ծառայողական քննություն է ընթանում, որովհետև մեզ մոտ էլ հարց էր առաջացել, թե ՀՀ-ի կողմից արդյոք ժամանակին ՄԱԿ-ին տրվե՞լ են քարտեզները հրապարակելու համար, որովհետև մենք տեսնում ենք, որ այդտեղ որոշակի դինամիկա կա, և այդ դինամիկան որոշ հարցեր առաջացնում է, այսինքն՝ քարտեզներում փոփոխություններ են տեղի ունեցել, և այդ հարցերին պետք է պատասխան տրվի, հիմա փորձում ենք պատճառահետևանքային կապը պարզել: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանի դիտարկմանը, թե վերջերս հետազոտական կայքերից մեկը քարտեզներ էր հրապարակել, որը ՀՀ-ն ուղարկել էր ՄԱԿ-ին, և որ տարբեր տարիներին ուղարկված քարտեզներում ԼՂ-ն ներառված չի եղել, նաև Տիգրանաշենն է ներառված եղել որպես ադրբեջանական անկլավ: Պատգամավորը նաև մեջբերեց 2016 թվականի՝ Տավուշի մարզպետարանի գրությունը, որում նշված է եղել, որ երբևիցե Տավուշի մարզում Ասկիպարա անունով բնակավայր չի եղել:

«Ստացվում է՝ երկար տարիներ մեր արտաքին և ներքին քաղաքականությունը դե յուրե այլ է եղել, դե ֆակտո այլ է եղել, և երկուսի խզումը բերել է այսօրվա իրավիճակին և հետևանքներին»,- նկատեց պատգամավորը:

Փաշինյանը նշեց, որ վերջին անգամ քարտեզի նման փոփոխություն 2013 թվականին է եղել. «Հիմա մենք փորձում ենք քննություն իրականացնել և պարզել, թե ինչ է տեղի ունեցել:

Մի բան կարող եմ ասել, որ շատ կարևոր մի փաստ ենք պարզել, որ, համենայնդեպս, ԱԳՆ-ում այդ քարտեզների ուղարկման հետ կապված ոչ մի տվյալ չի պահպանվել, գոնե այս պահի դրությամբ մենք չենք կարողանում դա գտնել»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print