Սյունիքի որ բնակավայրից է մոլորված հովիվը

Ըստ շրջանառվող լուրերի` մոլորված հովվի հոտի մի մասը հնարավոր է, որ ադրբեջանցիները տարել են։

Սյունիքի Ներքին Խնձորեսկում այսօր՝ մոտավորապես ժամը 17։00-ի սահմաններում, կրակոցներ են հնչել, որոնք այժմ դադարել են, «Ազատության»-ը փոխանցեց բնակիչներից մեկը, ում տունը գյուղի վերջում է։

«Մեզանից մի քիչ ձախ էին կրակոցները», – ասաց նա։

Այսօր հայ-ադրբեջանական սահմանի հենց այդ հատվածում է միջադեպ գրանցվել, ըստ ԱԱԾ-ի՝ հայ հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում, իրադրության բերումով երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել:

«Ազատության» զրուցակիցը փոխանցեց, որ մոլորված հովիվը Տեղ գյուղից է։

«Ներքին Խնձորեսկից ձախ մենք սահման ունենք՝ Կոռնիձոր-Տեղ այդ արանքը, – ասաց նա՝ շարունակելով, – Ասում են՝ ոչխարից են տարել, ճշտում են։ Կեսը {հոտի տարել են}։ Տեղի հատվածում է {մոլորվել}»։

ԱԱԾ-ն հաղորդել է, որ ադրբեջանական կողմը վերադարձրել է մոլորված հոտը, հովիվը ևս Հայաստանի տարածքում է: Միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմը մեկ վիրավոր ունի:

Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել Ադրբեջանի սահմանապահ զորքերի հետ համատեղ քննության:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print