Երեկ՝ ապրիլի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 08։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում և ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի գյուղերից մեկի տանը մահացած քաղաքացի կա։
Մինչ նշված գյուղ կժամանեին ՀՀ ՆԳՆ ստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարիտրոսյանը «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ վարչական համայնքի ղեկավարի ահազանգով իրենք ժամանել են նշված գյուղ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դեմքի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ և կապտուկներ, իսկ սենյակի հատակին հայտնաբերվել է արնանման հետքեր։
Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀԿԳ ավագ քննիչ Ն․ Քասյանի որոշմամբ «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ այդ թվում մահացածի հարազատներից, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահվան պատճառը հանկարծամահությունն է, մեծահասակ էր ու հաստատ տարիքն իրենն ասել է, սակայն ոստիկաններն ու քննիչները տեղում ցուցաբերեցին պրոֆեզիոնալիզմ ու ժամերի ընթացքում բացահայտեցին իրականությունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, ոստիկանության Աշտարակի բաժնում և ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում կատարելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական ու քննչական համատեղ միջոցառումներ, պարզել են, որ տեղի է ունեցել սպանություն։
Նշված արարքը կատարելու կասկածանքով ոստիկաները հայտնաբերել ու ոստիկանության Աշտարակի բաժին են բերման ենթարկել Արագածոտնի մարզի բնակիչ 64-ամյա Վ․ Ա-ին, ապա նրան ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։
Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալը խեղդամահ է արել Դ․ Օ․-ին։