Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Հայաստանում գիշատիչ թռչունների ուսումնասիրության և պահպանության» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքում Վայոց ձորի մարզում հայտնաբերվել է սև անգղի բույն։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին NABU-ից, Վայոց ձորի մարզում նման դեպք նկարագրվել էր ընդամենը մեկ անգամ` 1987 թվականի Կարմիր գրքում, սակայն բնադրման վերաբերյալ հղում չկա։
«Սև անգղ (Aegypius monachus) գրացված է ՀՀ կարմիր գրքում որպես հազվագյուտ, նկատելիորեն կրճատվող թվաքանակով տեսակ, ԲՊՄՄ կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ, թռչնատեսակը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, որտեղ կանոնավոր բնադրում է։ Թռչնատեսակի պահպանությունը խիստ կարևոր է․ նրան վնասելը առաջացնում է վարչական և քրեական պատասխանատվություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը 2018 թվականից սկսած իրականցնում է «Հայաստանում գիշատիչ թռչունների ուսումնասիրության և պահպանության» ծրագիր: Ծրագրի նպատակն է ուսումնասիրել ՀՀ տարածքում բնադրող գիշատիչ թռչնատեսակների բնադրավայրերը, կատարել ամենամյա բնադրման հաջողության գնահատում, ուսումնասիրել բնադրավայրերին սպառնացող վտանգները և առաջարկել կանխարգելիչ լուծումներ, իրականացնել ամենամյա հաշվառման աշխատանքներ, ուսումնասիրել չուն և այլն:
Ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները ներառում են՝ դաշտային հետազոտությունների (հաշվառումների) շնորհիվ հավաքագրված տվյալների վիզուալիզացիա, քարտեզագրում, ինչպես նաև տարբեր գիշատիչ թռչնատեսակների վրա արբանյակային տվիչների տեղադրում, օղակավորում, էկոկրթական միջոցառումների միջոցով հասարակության լայն շերտերի իրազեկում այս կամ այն թռչնատեսակի վերաբերյալ, գիտահանրամատչելի նյութերի ստեղծում, տպագրություն և տարածում զանազան կրթական հաստատություններում: