Freedom House միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Nations in transit 2024» զեկույցը, որում Հայաստանը հնարավոր 100-ից ստացել է 35 միավոր և դասվել «Անցումային կամ հիբրիդային ռեժիմ» ունեցող երկրների շարքին։ Ըստ զեկույցի՝ Հայաստանի ժողովրդավարացման ջանքերի վրա բացասաբար է ազդել Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը:
Նշվում է, որ վերջին տարում մարդու իրավունքների և ազատությունների դեմ ավտորիտար ռեժիմների ագրեսիաների հետևանքով Կենտրոնական Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա ընկած տարածաշրջանում ժողովրդավարությունն ընդհանուր առմամբ հետընթաց է ապրել: «Ուկրաինայի ոչնչացմանն ուղղված պատերազմը և ադրբեջանական ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումները բացահայտեցին ավտոկրատական էքսպանսիայի մահացու հետևանքները»,- նշվում է փաստաթղթում:
Ըստ զեկույցի՝ նախագահ Ալիևը փորձեց օգուտներ քաղել ԼՂ-ում իրականացրած ագրեսիայից և արտահերթ նախագահական ընտրություններ անցկացրեց: Նաև շարունակեց ճնշումները անկախ լրատվամիջոցների և քաղաքական ընդդիմության դեմ:
Ըստ իրավապաշտպան կազմակերպության՝ ԱՄՆ-ը կամ ԵՄ-ն պետք է զսպող միջոցների կիրառեն, քանի որ Կովկասում ավտորիտար ագրեսիայի սրացման հնարավորություն կա:
«Ռուսաստանը և Ադրբեջանը ցինիկաբար պահանջում են հարգել իրենց ինքնիշխանությունը՝ միևնույն ժամանակ մերժելով իրենց հարևանների ինքնավարությունը, յուրահատուկ պատմությունը և գոյության իրավունքը»,- նշվում է զեկույցում։ Ադրբեջանը 100 հնարավորից ստացել է 1 միավոր և դասվել ավտորիտար ռեժիմների շարքում: