Սեպտեմբերի 13-ի գիշերը ադրբեջանցիները 200-ից ավելի հայկական կայքեր էին կոտրել։ Նման կայքերի թվում են եղել ինչպես պետական մարմինների, այնպես էլ տարբեր առեւտրային, հասարակական կազմակերպությունների, անհատների անձնական կայքեր։ Հատկանշական է, որ կոտրվել են ինչպես հայաստանյան, այնպես էլ Արցախի պետական կառույցների կայքերը: Ադրբեջանցիներն այդ գործողությունների միջոցով իրենց կեղծ քարոզչությունն են տարածել կոտրված կայքէջերում: Հակերային հարձակման էին ենթարկվել նաեւ Հայաստանում տնտեսական գործունեություն իրականացնող արտասահմանյան ընկերությունների, մասնավորապես՝ ՌԴ-ն ներկայացնողների կայքերը: Այս ամենը փաստում է, որ Ադրբեջանը նույն ինտենսիվությամբ շարունակում է պատերազմական գործողությունները, որը ներկայում առավել ակտիվ է տեղեկատվական ոլորտում:
Վերջին հակերային հարձակումն ահազանգ է պատասխանատու մարմինների համար՝ խնդրին ավելի լուրջ եւ հետեւողական մոտեցում ցույց տալու համար: Հայաստանը «ռազմաճակատի» այս հատվածում միանշանակ ռեսուրսի պակասի խնդիր չունի: Այստեղ արդյունքի հասնելու համար պետք է աշխատանքները համակարգվեն: Ադրբեջանը նման գործողություններով պարբերաբար հիշեցնում է, որ չի ցանկանում պատերազմն ավարտել, հետեւաբար՝ հայկական կողմը պետք է պատրաստ լինի նման հարձակումներին, քանի որ միայն ցավոտ պատասխաններով եւ հակընդդեմ հարձակումներով է հնարավոր Բաքվին բերել կառուցողական դաշտ:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի 14․10․2022թ համարում