Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան բացահայտել է Ուկրաինայի մասնակցությունը Բելգորոդում և Ղրիմում տեղի ունեցած պայթյուններին․ տեղեկությունը փոխանցում է SputnikArmenia-ն։
Ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս) Ուկրաինային ԱԳ նախարարի հետ զրույցում ներկայացել են որպես Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլ։
«Բայց եթե դուք ինձ հարցնեք, թե ով է Ղրիմում կամ Բելգորոդում ինչ-որ բան պայթեցնում, ապա մասնավոր շփման մեջ ես ձեզ կասեմ` այո՛, մենք ենք։ Ինչ վերաբերում է Ղրիմին, ապա այնտեղ իրավիճակը մի փոքր այլ է։ Նախ` Ղրիմը ռուսական բանակի համար զինամթերքի աղբյուր է ու նրանց ինքնաթիռների բազան: Ըստ այդմ՝ Ղրիմում պահեստների ու բազաների ոչնչացումն ուղղակի ազդեցություն ունի Ուկրաինայի մայրցամաքային տարածքում Ռուսաստանի մարտունակության վրա»,– նշել է նախարարը։
Կուլեբան նաև հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը պատրաստել են ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան՝ Դնեպրի աջ ափին Խերսոնի մարզի մի մասն ազատելու նպատակով:
Նախարարի խոսքով՝ Ուկրաինան ԱՄՆ-ից ակնկալում է տանկերի, հակաօդային պաշտպանության միջոցների փոխանցում, նոր հակառուսական պատժամիջոցների սահմանում և ծավալուն ֆինանսական օգնություն:
Խոսելով ՌԴ–ի հետ հնարավոր բանակցությունների մասին՝ նա ընդգծել է, որ Մոսկվան բանակցություն կառաջարկի, երբ հասկանա, որ պարտվում է և դադարի կարիք կա, բայց դա նշանակում է, որ այդ պահին Ուկրաինային բանակցություններ պետք չեն լինի:
«Իմ խնդիրն է աշխատել այնպես, որ Ուկրաինան այդ բանակցություններին հասնի առավելագույն ուժեղ դիրքով և կարողանա վերականգնել իր տարածքային ամբողջականությունը»,– ընդգծել է նախարարը:
Նա վստահեցրել է, որ զենքի մատակարարումներն ու հակառուսական պատժամիջոցները կուժեղացնեն Ուկրաինայի դիրքը։