ՌԴ կառավարությանը խստացնում է միգրանտների նկատմամբ վերահսկողությունը

Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից դեռեւս 2018 թվականից մեկնարկած միգրացիոն քաղաքականության խստացման մասին օրինագիծը նոր փոփոխություններ ունի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանը, հայտնում է news.am-ը։

«Այդ ժամանակ ներկայացված փաթեթի մի մասն ուժի մեջ է մտել՝ պարտադիր բուժզննում, մատնահետքերի հանձնում օտարերկրացիների համար։ Այժմ ՌԴ կառավարությունում քննարկվող փոփոխություններից է ՌԴ-ում գտնվելու ժամանակի կրճատումը։ ՌԴ-ի հետ վիզային ռեժիմ չունեցող երկրների քաղաքացիները, տարվա ընթացքում ՌԴ-ում 365 օրվա ընթացքում կարող են գտնվել 90 օր։ Նոր գործող կարգով, կես տարվա՝ 180 օրվա ընթացքում, անձը կարող էր գտնվել 90 օր՝ բնակության հասցեով հաշվառման կանգնելով։ Խստացումներ են նախատեսվում ՌԴ-ի հետ վիզային ռեժիմում գտնվող երկրների քաղաքացիների համար էլ։ Որոշ խստացումներ հնարավոր է նաեւ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներ համար»,- նշեց նա։

Փորձագետի խոսքով՝ շատ կարեւոր է, որ ՌԴ մեկնող յուրաքանչյուր քաղաքացի լավ տեղեկացված լինի ընթացակարգերից։

«Աշխատանքի մեկնողները մուտքի պահից սկսած 30 օրում 4 բան պետք է անեն․ միգրացիոն հաշվառման կանգնեն, միայն դրանից հետո կարող են գնալ իրենց հաշվառման տարածքային միգրացիոն ծառայություն, բուժզննում են անցնում, այդ տեղեկանքը ներկայացնում են տարածքային միգրացիոն ծառայությունում, հանձնում են մատնահետքը, լուսանկարում են եւ դրանք միասին անձին ինդենտիֆիկացնում են, տալիս են իրենց պլաստիկ քարտ, որը 10 տարի գտնվում է ժամկետի մեջ։ Ընտանիքի անդամների դեպքում դա 90 օր է, այսինքն՝ եթե աշխատելու նպատակով չեն մեկնել, այլ աշխատանքային միգրանտի ընտանիքի անդամ են, 90 օրվա ընթացքում պարտավոր են բուժզննում անցնել, հանձնել մանտնահետք եւ ստանալ այդ քարտը։ 6 տարեկանից բարձր բոլորն են անցնում»,- նշեց Տաթեւիկ Բեժանյանը:

Նրա խոսքով՝ հաջորդը օտարերկրացիների համար թվային պրոֆիլի ստեղծումն է, որը կմիավորի քաղաքացու մասին պետական մարմինների եւ կազմակերպությունների տեղեկատվական համակարգում առկա տվյալները․ «Կներդրվի նաեւ ՌԴ օտարերկրյա քաղաքացու ինքնությունը հաստատող մեկ այլ փաստաթուղթ, որը կփոխարինի բոլոր տրված միգրացիոն փաստաթղթերին, որոնք հաստատում են երկրում ապրելու, աշխատելու իրավունքը։ Ոչ ԵԱՏՄ երկրների քաղաքացիները ՌԴ-ում աշխատելու համար պարտավոր են ունենալ թույլատրական բնույթի փաստաթուղթ։ Բացի այդ, բոլորը, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրների քաղաքացիները հետագայում ունենում են պլաստիկ քարտը, որը իրենք անվանում են «կանաչ քարտ»։  Հիմա փորձելու են ստեղծել մեկ այլ փաստաթուղթ, որը նախորդ փաթեթում կոչվում էր Idcard, եւ նախորդ փաթեթում այն ունենալու էր չիպ, որպեսզի անձը չգրանցվի մեկ այլ հասցեում, բայց բնակվի այլ հասցեում։ Դեռեւս չկա խոսակցություն, թե այդ չիպը հսվելո՞ւ է, բայց ամեն դեպքում այդ քարտի մասին արդեն քննարկումը կա, որ լինելու է մեկ միասնական փաստաթուղթ, որը կներառի միգրանտների բոլոր կենսաչափական տվյալները»։

Տաթեւիկ Բեժանյանը նշեց, որ 2022, 2023 թվականներին նկատելիորեն նվազել է Հայաստանից աշխատանքային միգրանտների թիվը դեպի Ռուսաստան։ Դրան նպաստել է ինչպես միգրացիոն քաղաքականության խստացումը, այնպես էլ ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։

«Միգրացիոն խստացումներ միշտ էլ կլինեն, շատ կարեւոր է գործընթացների մասին տեղեկացված լինելը։ Մեզ դիմած քաղաքացիների մեծ մասի խնդիրներն առնչվում են միգրացիոն հաշվառմանը։ Շատերը հաշվառվում են մեկ հասցեում, բնակվում են այլ հասցեում, ինչը խնդիր է։ Հաջորդ հարցն այն է, որ աշխատանքային միգրանտը պարտավոր է բուժզննում անցնել յուրաքանչյուր տարին մեկ, սակայն մեր հայրենակիցները կամ չեն իմանում կամ հետեւողական չեն լինում։ Նման շատ խնդիրներով պայմանավորված՝ մեր հայրենակիցներից շատերը ստացել են մուտքի արգելք»,-ասաց Տաթեւիկ Բեժանյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print