Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը բացասաբար ազդեց պողպատաձուլական գործարանների վրա և նվազեցրեց ՀՀ–ում արտադրվող ֆերոմոլիբդենի պահանջարկը։ (ֆերոմոլիբդենը հիմնականում օգտագործվում է որպես որակը բարելավող հավելում բարձր ամրության պողպատի տեսակների համար)։
Սակայն հայկական ընկերություններն արդյունքում ավելի մեծ պահանջարկ ունենացան վերամշակելու մոլիբդենի օքսիդ։
SputnikArmenia-ի հետ զրույցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի տեղակալ և «Armenian molybdenum production» (AMP) մետաղագործական գործարանի տնօրեն Արթուր Նիկողոսյանը, անդրադառնալով Եվրոպայի էներգետիկ ճգնաժամին, նշել է, որ եվրոպական բիզնեսի համար ավելի շահավետ է դառնում Հայաստանի մետաղագործական գործարաններում արտադրվող մոլիբդենի օքսիդ գնելը։ (ԶՊՄԿ-ն և «Armenian molybdenum production» (AMP) ընդգրկված են ռուսական «ԳեոՊրոմայնինգ» հանքարդյունաբերական հոլդինգում, որը կառավարում է նաև Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, Սոթքի ոսկու հանքն ու Արարատի ոսկու կորզման գործարանը)։
Եվրոպայի պողպատաձուլական գործարաններում Ֆերոմոլիբդենի արտադրության նվազման պատճառ, ըստ Նիկողոսյանի, Էներգակիրների բարձր գինն է։
«Հաշվի առնելով, որ նման արտադրությունները շատ էներգատար են` հոսանքի և գազի թանկացումը խիստ անդրադառնում է դրանց վրա։ Բայց մյուս կողմից ինքնարժեքի հետ կապված այդ խնդիրները Եվրոպայում բարձրացնում են մոլիբդենի եռօքսիդի պահանջարկը, որը ևս արտադրում ենք մենք և հայաստանյան այլ նման ձեռնարկություններ», – նշեց Նիկողոսյանը։
Վերջինիս խոսքով՝ էներգակիրների բարձր գնից բացի, եվրոպական երկրներում մոլիբդենի օքսիդի արտադրությանը խանգարում են նաև բնապահպանական բարձր վճարները, որոնք Հայաստանում շատ ավելի ցածր են։
Մոլիբդենի օքսիդը կիրառվում է ավելի քիչ էներգատար ոլորտներում, քան պողպատաձուլականն է։
«Այդ իսկ պատճառով առաջիկա մեկ–երկու տարվա ընթացքում կարելի է ակնկալել, որ Եվրոպայում դրա պահանջարկը կաճի, և Հայաստանը պատրաստ է այն բավարարել։ Տնտեսությունը դրանից միայն կշահի, քանի որ մոլիբդենի օքսիդի արտադրությունն ավելի խորը վերամշակում է ենթադրում», – հավելեց Նիկողոսյանը։
Ըստ Նիկողոսյանի` երբ Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը լուծվի, կարելի է ակնկալել նաև, որ կվերականգնվի նաև ֆերոմոլիբդենի պահանջարկը։
Հավելենք, որ վերամշակված մոլիբդենի արտադրանքը (ֆերոմոլիբդեն և մոլիբդենի օքսիդ) Հայաստանի արտահանման խոշորագույն ապրանքների տասնյակում է։