ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը իր ղեկավարած գերատեսչությունում իրականացված խուզարկությունների մասին տեղյակ չէ։ Այդ մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում՝ նշելով, որ կառավարությունում նիստի է եղել և կատարվածի մասին մամուլից է իմացել։
«Ես որևէ գործի շրջանակում վերջերս չեմ հարցաքննվել»,- ընդգծեց նախարարը։
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն էլ նշեց, որ Առողջապահության նախարարությունից ձերբակալված անձ այս պահի դրությամբ չկա։
«Այս պահին ձերբակալված անձ չունենք։ Այսքանն է հրապարակման ենթակա ինֆորմացիան»,–ասաց նա։
Հիշեցնենք` ՔԿ–ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր խուզարկություններ են կատարվել ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում, ըստ ԶԼՄ–ների «Ուիգմոր քլինիք» ԲԿ–ում: Տնօրեն Զավեն Քոլոյանը ձերբակալվել է կամ բերման ենթարկվել։ Ըստ «Հրապարակ» թերթի` գործողությունները պայմանավորված են առողջապահության ոլորտում պետական պատվերի բաշխման հետ։