Ադրբեջանն արձագանքել է Բաքվից Ֆրանսիայի դեսպանի հետկանչմանը:
«Բաքվի քայլերն ու պաշտոնական հայտարարությունները Փարիզի հասցեին միշտ եղել են միայն պատասխան Ֆրանսիայի ապակառուցողական գործունեությանը: Չնայած մեր երկրի դեմ զրպարտչական արշավին, մենք միշտ բաց ենք պահել երկխոսության դռները»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ը:
Հիշեցնենք, որ Փարիզը Ադրբեջանում իր դեսպանին հետ է կանչել խորհրդակցությունների համար։ Ըստ Ֆրանսիայի ԱԳ նախարարության հաղորդագրության՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նման որոշում է կայացրել «վերջին ամիսներին Ադրբեջանի շարունակական գործողությունների ֆոնին, որոնք վնաս են հասցնում Փարիզի և Բաքվի երկկողմ հարաբերություններին»։
Ելիսեյան պալատը հայտնել է, որ ակնկալում է պարզաբանում ստանալ Ադրբեջանից Բաքվի դիրքորոշման վերաբերյալ։
Վերջերս Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը հայտարարել էր, թե Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները լրտեսական ցանց են ստեղծում, որը սպառնում է Ադրբեջանի ազգային անվտանգությանը։