Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանին կհեռացնի ԵՄ-ից․ Շառլ Միշել

Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը կարող է հետաձգել, այլ ոչ թե մոտեցնել Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը, նախազգուշացրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը դեմ է խորհրդարանի կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունմանը, երեքշաբթի դիմել էր իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ խնդրելով չորեքշաբթի Եվրոպական խորհրդի նիստում քննարկել Վրաստանի վերջին իրադարձությունները։

Զուրաբիշվիլին սադրանք է անվանել օրենքն ընդունելու՝ Վրաստանի իշխանությունների ծրագրերը, նաև իր աջակցությունը հայտնել խորհրդարանի շենքի դիմաց ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցներին։

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ Թբիլիսիում հանրապետության խորհրդարանի շենքի դիմաց ցույցի ժամանակ ձերբակալել են 11 մարդու: Նշվում է, որ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ տարբեր ծանր առարկաներ են նետել, այդ թվում՝ քարեր և շշեր, մեկ ոստիկան վիրավորվել է, վնասվել է նաև նախարարությանը պատկանող մեքենան:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print