ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողները պետական դավաճանության հերթական դեպքն են բացահայտել։
ԱԱԾ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն ՀՀ քաղաքացին, հանդիսանալով ՀՀ ՊՆ համար N զորամասի պայմանագրային զինծառայող՝ դասակի հրամանատար, «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակցի հետ և 2022 թվականի հունվարից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում վարձատրության դիմաց վերջինին հանձնել է իր զորամասի վերաբերյալ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տարբեր փաստաթղթեր։
«Այդ փաստաթղթերը պարունակել են տեղեկություններ մարտական դիրքերի անվանումների, կապի անցկացման ուղիների, գումարտակի հրամանատարական դիտակետերի, միջդիրքային հեռավորությունների, դրանց կահավորվածության և այլնի վերաբերյալ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական վարույթի շրջանակներում հիշյալ քաղաքացին ձերբակալվել է, տվել խոստովանական ցուցմունք:
Նրան ներկայացվել է մեղադրանք և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար: