Ադրբեջանի կողմից պարբերաբար սահմանային բախումներ հրահրելը եւ իրավիճակը շիկացած պահելը լրջագույն անվտանգային խնդիրներ են առաջացնում ՀՀ-ի համար։ Նման իրավիճակում օրինաչափ է, որ Հայաստանը գործադրում է իր անվտանգության համակարգում առկա ողջ գործիքակազմը, այդ թվում նաեւ իրավիճակը կայունացնող հնարավոր մեխանիզմները եւ միջազգային կառույցները:
Հայ-ադրբեջանական սահմանին եվրոպական դիտորդական առաքելության նման կազմի ժամանումը նոր երեւույթ է տարածաշրջանի երկրների համար, եւ պաշտոնական Թեհրանի նման արձագանքը հասկանալի է: Մեր հարավային հարեւանը որոշակի հակադրության մեջ է ԵՄ-ի հետ եւ մտավախություն ունի, որ վերջինիս քաղաքացիական առաքելությունը կարող է փոխվել զինվորական ներկայության, ինչը, նման բարդ իրավիճակում կարող է որոշակի անհանգստության պատճառ դառնալ:
Բայց այսօր խոսքը քաղաքացիական առաքելության մասին է, իսկ ռազմական բաղադրիչի գործադրումը կախված է բացառապես Ադրբեջանի վարքից: Վերջին շրջանում Իրանն սկսել է ավելի հաճախ խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդական ջանքեր գործադրելու իր պատրաստակամության մասին, բայց Բաքուն չի արձագանքում այդ նախաձեռնությանը: Դրան Իրանը պատասխանում է Հայաստանի հետ սահմանին հերթական լայնածավալ զորավարժություններն անցկացնելով:
Վերջին հաշվով Իրանի մտավախություններն այս փուլում տեղին չեն, քանի որ այսօր ե՛ւ ԵՄ-ն, ե՛ւ Իրանը հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման հարցում ունեն համընկնող մոտեցումներ: ԵՄ-ն եւ Իրանը խոսում են հայ-ադրբեջանական սահմանին ապակայունացման բացառման եւ հարաբերությունների կարգավորման մասին, հետեւաբար՝ առաջնային է նրանց համագործակցությունն այդ հարցում, իսկ եթե դա չստացվի, ապա գոնե չպետք է խանգարեն նույն նպատակին ուղղված՝ առանձին իրականացվող միմյանց գործողություններին:
Առավել մանրամասն՝ թերթի 15․10․2022թ համարում