Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագրի կիրառումը նվազեցնում է տրանսպորտային կազմակերպությունների ծախսերը, արագացնում է վարչարարությունը:
Բեռնափոխադրման ապրանքատրանսպորտային բեռնագրերը կկառավարվեն էլեկտրոնային եղանակով։ ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիայի՝ էլեկտրոնային բեռնագրի վերաբերյալ լրացուցիչ արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։
ՀՀ–ն այս կոնվենցիային միացել է 2006 թ. հունիսի 9-ին։ 2008 թ. կոնվենցիան լրացվեց e-CMR լրացուցիչ արձանագրությամբ, որը բեռնափոխադրման ապրանքատրանսպորտային բեռնագրի էլեկտրոնային եղանակով կառավարման հնարավորություն է տալիս։
2011 թ. հունիսի 5-ին ուժի մեջ մտած e-CMR արձանագրությանը միացել է 34 երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը, Բելառուսը, Բելգիան, Բուլղարիան, Գերմանիան, Դանիան, Էստոնիան, Թուրքիան և այլն։
«Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը (e-CMR) դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը, ապահովում է էլեկտրոնային եղանակով մաքսային ընթացակարգերի իրականացումը, նպաստում է լոգիստիկ ծառայությունների արդյունավետության և մրցակցության բարձրացմանը։ Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագրի կիրառումը նվազեցնում է տրանսպորտային կազմակերպությունների ծախսերը, արագացնում է վարչարարությունը, նվազեցնում է բեռնափոխադրումների ընթացքում հնարավոր անճշտությունները, դյուրացնում է վերահսկողությունը»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։
Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով կառավարությունը կդիմի ՀՀ սահմանադրական դատարան: Եթե ՍԴ–ն պայմանագրում ամրագրված պարտավորությունները ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչի, այն կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: