Եվրախորհուրդը կոչ է անում Իրանին և նրա վստահված անձանց՝ դադարեցնել ցանկացած հարձակում։
Եվրամիության երկրների և կառավարությունների ղեկավարները Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովում պայմանավորվել են ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները՝ Իսրայելի վրա աննախադեպ հարձակման համար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:
«Մենք որոշել ենք լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ։ Սա հստակ ազդանշան է, որը ցանկանում ենք ուղարկել»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Նա ընդգծել է, որ Իրանը պետք է հայտնվի միջազգային մեկուսացման մեջ։
«Եվրախորհուրդը խստորեն և միանշանակ դատապարտում է Իրանի հարձակումն Իսրայելի վրա, վերահաստատում իր լիակատար համերաշխությունն Իսրայելի ժողովրդի հետ և հավատարմությունը Իսրայելի անվտանգությանն ու կայունությանը տարածաշրջանում»,- ասված է հանդիպման առաջին օրվա վերջում ընդունված հռչակագրում։ Հակամարտության բոլոր կողմերին ԵՄ երկրների ղեկավարները կոչ են արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել։
«Եվրախորհուրդը կոչ է անում Իրանին և նրա վստահված անձանց՝ դադարեցնել ցանկացած հարձակում, ինչպես նաև կոչ է անում բոլոր կողմերին՝ ցուցաբերել առավելագույն զսպվածություն և զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է մեծացնել լարվածությունը տարածաշրջանում»,- ասվում է եզրափակիչ հայտարարության մեջ։