Իրանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ «Ճշմարիտ խոստում» գործողությունից առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ամերիկյան կողմին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իրանական IRNA գործակալության թղթակիցը Նյու Յորք ժամանած արտգործնախարարին հարցրել է՝ արդյոք Իսրայելին հարվածելուց առաջ Իրանի և ԱՄՆ-ի միջև հաղորդագրություններ են փոխանակվել մշտական միջնորդ Շվեյցարիայի միջոցով։

«Մենք ամերիկացիներին հստակ և բացահայտորեն հայտնել ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության` Իսրայելի ռեժիմին պատասխանելու մասին որոշումը մեր երկրի նախագահի նախագահությամբ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում, վերջնական է: Հաղորդագրությունները փոխանակվել են գործողությունից առաջ, ինչպես նաև «Ճշմարիտ խոստում» գործողությունից հետո՝ այս շաբաթվա երկուշաբթի օրը մոտավորապես ժամը 02:30-ին. մենք դիվանագիտական ​​կապուղիներով ուրիշ հաղորդագրություն ուղարկեցինք Միացյալ Նահանգներին և փորձեցինք հստակ ու բացահայտորեն այդ հաղորդագրություններում Ամերիկային ասել, որ մենք չենք ձգտում մեծացնել լարվածությունը տարածաշրջանում։ Տարածաշրջանում լարվածությունը կարող են մեծացնել Իսրայելի ռեժիմի գործողությունները», – ասել է Աբդոլլահիանը:

Ապրիլի 13-ի գիշերը և 14-ի առավոտյան Իրանը շուրջ 300 անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ է արձակել Իսրայելի վրա, որին մեղադրում է Դամասկոսում իր հյուպատոսարանի վրա հարձակման մեջ։ Այդ հարձակման հետևանքով զոհվել էր 13 մարդ, այդ թվում՝ իրանցի բարձրաստիճան գեներալներ։

Իսրայելի պաշտպանության բանակում նշել են, որ կալանել են հրեական պետության ուղղությամբ թռչող մոտ 300 իրանական արկերի 99 %-ը, աննշան վնաս է հասցվել Նևաթիմ ավիաբազային:

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ Իրանն ԱՄՆ-ին չի տեղեկացրել Իսրայելի վրա հարձակման ժամկետների կամ թիրախների մասին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print