ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, դեպքի ներկայացված նկարագրությունները բացարձակ մտացածին են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
«Անձին պատգարակով շտապօգնությանը մոտեցնելու կադրերի հրապարակումը՝ խոշտանգման մասին անհիմն գրառումով, առանց որևէ փաստի ներկայացման, խոշտանգման փաստարկում չեն կարող լինել։Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա, որը ծառայեցվում է որպես պաշտպանության տակտիկա։ Դրա ամբողջ իմաստը, առաջ ընկնելով, իրականությունը գլխիվայր շուռ տված ներկայացնելով, տեղի ունեցածի վերաբերյալ կանխակալ հանրային կարծիք ձևավորելն է։ Սա անընդունելի է բարոյական տեսանկյունից։Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա տեղի ունեցածի իրական հանգամանքները ներկայացնող համապատասխան պարզաբանմամբ», – գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգել էր, որ Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպք է տեղի ունեցել, ինչին արձագանքել էին ՄԻՊ ներկայացուցիչները։