ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է սահմանազատման հանձնաժողովների հանդիպմանը:
Գրառման մեջ ասվում է. «Ամենակարևոր ձեռքբերումը համարում եմ այն, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովները համաձայնել են սահմանազատումը իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, ինչը սահմանազատման գործընթացի հիմնական սկզբունքն է լինելու։
Այսինքն վերականգնվում են Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած սահմանները։
Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության համար սա նշանակում է խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ»։
Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երեկ տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
ՀՀ արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման արդյունքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծի Բաղանիս – Բաղանիս Այրում, Ոսկեպար – Աշաղը Ասկիպարա, Կիրանց – Խեյրումլի և Բերքաբեր – Կըզըլ Հաջիլի հատվածները համապատասխանեցնել Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին: