Ապրիլի 20-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տեր Գրիգոր վարդապետ Խաչատրյանի, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) և Ֆրանսայի համար մարտնչած հայազգի ռազմիկների և դիմադրության շարժման անդամների միության (ANACRA) ղեկավարության գլխավորությամբ, Սենատի նախագահին ներկայացնող «Ցենտրիստական միություն» խմբակցության նախագահ Էրվե Մարսելի, Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամիի, Փարիզի քաղաքապետի՝ հիշատակի և նախկին մարտիկների հարցերով տեղակալ Լորանս Պատրիսի, ֆրանսիացի խորհրդարանականների, օտարերկրյա դեսպանների, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի ներկայացուցիչների, քաղաքապետերի և հարյուրավոր ֆրանսահայերի ու ֆրանսիացիների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր երթ դեպի Փարիզի Հաղթական կամար, որին հաջորդել է ծաղկեպսակների զետեղման հանդիսավոր արարողություն՝ տասնյակ պետական հաստատությունների, պաշտոնյաների և հասարակական կազմակերպությունների անունից։
Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:
Այնուհետև Ֆրանսիայի Զինված ուժերի նվագախմբի կատարմամբ Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերի ներքո տեղի է ունեցել Հայաստանի դեսպանի կողմից Անհայտ զինվորի շիրիմի հավերժական կրակի թեժացման արարողություն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի:
Կրակի թեժացման արարողությունից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են անմեղ զոհերի հիշատակը, որից հետո, ի համերաշխություն հայ ժողովրդի, հնչել է «Էրեբունի-Երևան» երգը։