Բրազիլացի վիրաբույժ Բրունո Գոբբատոն ուսի արթրոսկոպիայի ժամանակ օգտագործել է Apple Vision Pro խառը իրականության սարքը: Վիրաբույժն իր փորձառության մասին պատմել է MacMagazine կայքին։
Ըստ Գոբբատոյի՝ Vision Pro-ն իրեն հնարավորություն է տվել հետևել գործողությանը վիրտուալ էկրանով, որը չափերով համեմատելի է կինոթատրոնի հետ։ Ավելին, նա հատուկ շեշտել է պատկերի բարձր որակը և միաժամանակ վիրտուալ և իրական օբյեկտները տեսնելու հնարավորությունը։
«Ուսի արթրոսկոպիան օգտագործում է տեսախցիկ հոդի ներսում, և վիրաբույժները կատարում են վիրահատությունը՝ ուղիղ նայելով էկրանին: Այս սարքի միջոցով ես կարող էի տեսնել բարձր կետայնությամբ, կինոթատրոնի էկրանի չափի պատկեր, ինչպես նաև տեսնել հիվանդի հետազոտության արդյունքներն ու 3D մոդելները իրական ժամանակում»,- ասել է Գոբբատոն:
Բացի դրանից՝ բժիշկն ասել է, որ հիացած է սարքի տեսախցիկների դինամիկ տիրույթով, որը հնարավորություն է տալիս պահպանել պատկերի հստակությունը նույնիսկ վիրահատության ժամանակ կիրառվող վառ լուսավորության պայմաններում։
Vision Pro-ն թողարկվել է 2024-ի սկզբին, գինն սկսվում է 3,500 դոլարից։ Շատ հաճախորդներ Vision Pro-ն օգտագործելուց որոշ ժամանակ անց վերադարձնել են այն՝ վկայակոչելով տարբեր պատճառներ։ Ոմանք դժգոհել է դրա մեծ չափերից և քաշից, ինչը անհարմար է դարձնում սարքի օգտագործումը։ Որոշ գնորդների մոտ նույնիսկ գլխացավ է առաջացել դրա պատճառով։ Ոմանք էլ գժգոհել են, որ այն չի արդարացնում իրենց ակնկալիքները՝ բարելավելու իրենց արդյունավետությունն աշխատանքում, քանի որ Vision Pro-ն դժվար է երկար ժամանակ օգտագործել։
Մյուս օգտատերերը դժգոհ են Apple Vision Pro տեսախցիկների նեղ տեսադաշտից և արտացոլանքից, ինչը ոմանց մոտ աչքերի հոգնածություն և նույնիսկ տեսողության ժամանակավոր խնդիրներ է առաջացրել:
Բողոքների առանձին կատեգորիա վերաբերում է Vision Pro-ի օգտագործման ժամանակ հոգեկան անհանգստությանը. ինչպես պարզվել է, որոշ մարդիկ սկսել են անհանգստանալ շրջապատից և սիրելիներից մեկուսացված լինելու պատճառով:
news.am