Դրա հետ մեկտեղ նախատեսվում է շարունակել ճանապարհածածկին ավտոմեքենայի անիվների կառչման (կպչունության) գործակիցը չափող սարքի փորձարկումները:
Հայաստանի Ճարտարապետաշինարարական համալսարանը ավտոճանապարհների ուսումնասիրության համար շարժական լաբորատորիա է ձեռք բերել:
Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի դեկան Վալերիկ Հարությունյանը, լաբորատոր սարքավորումներով լի ֆուրգոնը գնել են Գիտության պետական կոմիտեի դրամաշնորհով՝ բուհերի և գիտական ինստիտուտների լաբորատոր հագեցվածության ծրագրի շրջանակում։
Ռուսական «Ռոսդորտեխ» ընկերության հավաքած (արտասահմանյան սենսորների օգտագործմամբ) շարժական լաբորատորիան կօգնի ստուգել ճանապարհների որակի և անվտանգության հիմնական ցուցանիշները (անիվների շփումը ճանապարհի ծածկույթին, ճանապարհի հարթությունը, շրջադարձերի անկյունները, վերելքների և վայրէջքների թեքությունը և այլն):
Համալսարանի մասնագետներն արդեն եղել են Սարատովի «Ռոսդորտեխ» ձեռնարկությունում, ծանոթացել մեքենա-լաբորատորիայի աշխատանքին: Հիմա ցանկանում են դրանով անցնել Հայաստանի բոլոր ճանապարհներով՝ միջպետական, հանրապետական և տեղական նշանակության՝ 7 534 կմ ընդհանուր երկարությամբ։ Գիտնականների նպատակն է բացահայտել խնդրահարույց տարածքները (կտրուկ վերելքներ, վայրէջքներ կամ անկյուններ, ասֆալտի ճաքեր և այլն) և անվտանգության բարձրացման միջոցառումներ առաջարկել:
Դրա հետ մեկտեղ նախատեսվում է շարունակել ճանապարհածածկին ավտոմեքենայի անիվների կառչման (կպչունության) գործակիցը չափող սարքի փորձարկումները, որը վերջերս մշակել են Հարությունյանն ու նրա գործընկեր Կարո Մոսիկյանը։ Այս սարքի և ավտոլաբորատորիայի օգնությամբ ստացված պարամետրերը կհամեմատվեն, իսկ ռուս գործընկերների հետ փորձի փոխանակում կիրականացվի:
Պարզապես սարքերին հետևելն ու դրանց ցուցմունքներն արձանագրելը բավարար չէ։ «Դրանք պետք է փոխադրել մաթեմատիկական լեզվի և վերլուծել»,– ասում է համալսարանի դասախոս Կարո Մոսիկյանը: Ինչպես անվտանգ անցնել լեռնային ճանապարհի ոլորաններով, ինչ անել, որ մեքենան մի կողմ չքաշի. թվում է, թե այս ամենը գիտի Հայաստանի յուրաքանչյուր քիչ թե շատ փորձառու վարորդ: Բայց մինչ օրս չի ուսումնասիրվել, թե ինչպես են, օրինակ, լեռնային ոլորաններում (թեքության վրա) բազմակի արգելակումները քայքայում ճանապարհային ծածկույթը, թե մաշված ասֆալտի վրա ինչպես կարող են տատանվել մեքենայի կառավարվող անիվները, և ինչպես կարող է դրա պատճառով մեքենայի ծանրության կենտրոնը շեղվել (ինչի հետևանքով էլ մեքենան կարող է մի կողմ քաշել):
«Այս հարցերի վերաբերյալ մեր հիմնական տեխնիկական գրականությունը խորհրդային և ռուսական է։ Հասկանալի է, որ լեռնային ճանապարհների հարցերը Ռուսաստանի համար այնքան էլ արդիական չեն, ուստի դրանք խորապես չեն ուսումնասիրվել։ Մեզ համար հարցն ավելի արդիական է, մենք էլ կուսումնասիրենք»,-պարզաբանում է Մոսիկյանը։
Ճանապարհների վիճակի և ավտոմեքենաների «վարքի» մասին տվյալներից գիտնականները կփորձեն դուրս բերել օրինաչափությունները և հաշվարկել, թե ինչպես է մեքենայի ընթացքը փոխվում (մակերևույթի հետ շփումը, արգելակման հեռավորությունը և այլն) վերելքների և վայրէջքների ժամանակ: Եթե հաջողվի, ապա ճանապարհներին հնարավոր կլինի ավելի ճշգրիտ տեղադրել նախազգուշացնող նշանները, այդ թվում՝ վազանցի արգելքները կամ արագության սահմանափակումները: Հնարավոր կլինի նաև առաջարկներ կազմել խնդրահարույց հատվածների վերակառուցման մասին (այն մասերում, որտեղ դա իրատեսական է):
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում