Սենատը հաստատել է Ուկրաինային և Իսրայելին բազմամիլիարդանոց օգնության հատկացումը

Նշվել է, որ Բայդենն արդեն ապրիլի 24-ին կստորագրի օրինագիծը, որպեսզի Վաշինգտոնը կարողանա այս շաբաթ վերսկսել զենքի մատակարարումները Կիև։

ԱՄՆ Սենատը հաստատել է Վաշինգտոնի դաշնակիցներին՝ Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին, արտաքին օգնության հատկացման մասին օրինագիծը: Սենատի 79 անդամ աջակցել է օրինագծին, իսկ 18-ը դեմ է արտահայտվել նախաձեռնությանը։ Այսպիսով, ամերիկյան Կոնգրեսի երկու պալատներն էլ հավանություն են տվել օրինագծին։ Այժմ այն ստորագրելու է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Նշվել է, որ Բայդենն արդեն ապրիլի 24-ին կստորագրի օրինագիծը, որպեսզի Վաշինգտոնը կարողանա այս շաբաթ վերսկսել զենքի մատակարարումները Կիև։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

«Ես կստորագրեմ այս օրինագիծը, որպեսզի մենք կարողանանք այս շաբաթ սկսել զենք և տեխնիկա ուղարկել Ուկրաինա»,- ասել է Բայդենը։

Երեք երկրին օգնության փաթեթի ծավալը կազմել է 95 մլրդ դոլար. 61 մլրդ դոլար՝ Ուկրաինային, 26 մլրդ դոլար՝ Իսրայելին, իսկ մնացած գումարը հակամարտությունների գոտիներում, այդ թվում՝ Գազայի հատվածում, մարդասիրական օգնություն տրամադրելու համար։

Փաթեթը նախատեսում է պատժամիջոցների սահմանում Իրանի և Ռուսաստանի պաշտոնյաների նկատմամբ և իրանական նավթի արտահանումը սահմանափակող միջոցներ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print