Մարդկության պատմության ամենամութ էջերից մեկին դիմանալուց հետո վերապրածները սկսել են ավելի լավ ապագա կերտել մեր աշխարհի համար:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հղել է ապրիլքսանչորսյան ուղերձը, որում կրկին կիրառել է ցեղասպանություն եզրույթը:
Ստորև ներկայացնում ենք ԱՄՆ նախագահի ուղերձը.
«Այսօր մենք կանգ ենք առնում հիշելու Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության ժամանակ կորցված կյանքերը և վերահաստատելու երբեք չմոռանալու մեր խոստումը:
Դաժանության արշավը սկսվել է 1915 թվականի ապրիլի 24-ին, երբ օսմանյան իշխանությունները ձերբակալեցին Կոստանդնուպոլսի հայ մտավորականներին և համայնքի ղեկավարներին: Հետագա օրերին, ամիսներին և տարիներին մեկուկես միլիոն հայ տեղահանվեց, կոտորվեց կամ տարվեց մահվան երթերով՝ մեկընդմիշտ կոտրելով ընտանիքներն ու մեկընդմիշտ փորխելով սերունդները:
Սգալով այս ողբերգությունը՝ մենք նաև անդրադառնում ենք հայ ժողովրդի տոկունությանը: Մարդկության պատմության ամենամութ էջերից մեկին դիմանալուց հետո վերապրածները սկսել են ավելի լավ ապագա կերտել մեր աշխարհի համար: Քաջությամբ և նվիրվածությամբ նրանք վերակառուցեցին իրենց կյանքը: Նրանք պահպանեցին իրենց մշակույթը։ Նրանք ամրապնդեցին ազգերի կառուցվածքն ամբողջ աշխարհում, ներառյալ մերը: Եվ նրանք պատմեցին իրենց պատմությունները՝ ապահովելու համար, որ 109 տարի առաջ այս օրը սկսված զանգվածային վայրագությունները այլևս երբեք չկրկնվեն:
Սա մնում է մեր հանդիսավոր ուխտը։ Այսօր և ամեն օր Միացյալ Նահանգները կշարունակի պաշտպանել մարդու իրավունքները և հանդես գալ անհանդուրժողականության դեմ: Մենք կշարունակենք ատելությանը և սարսափին պատասխանել հույսով և ապաքինմամբ: Եվ մենք կշարունակենք կանգնել բոլոր նրանց կողքին, ովքեր փնտրում են ապագա, որտեղ բոլորը կարող են ապրել արժանապատվորեն, ապահով և հարգանքով»: