Ապրիլի 24-ին Ազատության հրապարակին հարող տարածքում տեղի ունեցած հավաքի ժամանակ ոստիկանության աշխատակցին բռունցքով հարվածելու կասկածանքով մի կին է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Ոստիկանության աշխատակիցների կողմից ճանապարհը բացելու օրինական պահանջ ներկայացնելուց հետո՝ երթևեկությանը խոչընդոտող անձանց վարչական ձերբակալում իրականացնելու ընթացքում, հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին: Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով հիշյալ կինը ձերբակալվել է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Քննչական կոմիտեից հայտնում են՝ ստացված հաղորդման առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կատարվում է նախաքննություն՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ, զննության են ենթարկվել առցանց ռեսուրսներով հեռարձակված՝ դեպքի պահն արձանագրող տեսագրությունները, կատարվել են անհրաժեշտ այլ քննչական գործողություններ։