Եվրոպական Միությունը որոշում է կայացրել 40 հոգանոց դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան, որը կտեղակայվի հայ-ադրբեջանական սահմանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածվել Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում։
Ըստ հաղորդագրության՝ առաքելության նպատակն է իրավիճակի մոնիթորինգը, վերլուծությունը և տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հաշվետվությունը։
«Հայաստանի տարածքում Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը միտված է վստահության ամրապնդմանը անկայուն իրավիճակում, որը ռիսկի տակ է դնում մարդկային կյանքեր և հակամարտության կարգավորման գործընթացը։ Սա ևս մեկ ապացույց է, որ ԵՄ-ն հանձնառու է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու վերջնական նպատակին»,- նշել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանին առաքելության տեղակայման գործընթացն արագացնելու նպատակով որոշում է կայացվել մոնիտորինգի փորձագետներ ներգրավել Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունից։ Առաքելության գործունեությունը 2 ամսից ավել չի տևի։
Ավելի վաղ ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, ԵՄ ներկայացուցչին հղումով, տեղեկություն էր տարածել, թե ԵՄ-ն նախատեսում է շուրջ 400 դիտորդների տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին։