Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ

Օրենքի փոփոխություններն ընդունելու դեպքում այն ուժի մեջ կմտնի 2025 թ. հունվարի 1-ից։

Առաջարկվում է «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություն անել, որով ավտոմեքենաների տարեկան գույքահարկը կվճարվի տեխզննման պահին ոչ թե ամբողջական, այլ տվյալ պահի դրությամբ առկա պարտքի չափով։ Համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

Նրա խոսքով՝ այսօր, երբ քաղաքացին մեքենան տանում է տեխզննման, համակարգը ստուգում է՝ տվյալ մեքենայի հետ կապված քաղաքացին հարկային պարտավորություններ ունի, թե ոչ, և եթե տվյալ տարվա գույքահարկը քաղաքացին չի վճարել, ապա օրենքով նա պարտավոր է վճարել այն ամբողջովին։

«Այսինքն՝ օրենքի այս դրույթը, որ ժամանակին գույքահարկը կապվել է տեխզննման հետ, հասկանալի է` ժամանակին ինչ հիմնավորումներ է ունեցել, որովհետև սա եղել է գործիք, որի միջոցով պետությունը կարողացել է ապահովել գույքահարկի հավաքագրումը։ Բայց իմ և համահեղինակ պարոն Զեյնալյանի կարծիքով՝ արդարացի կլինի, եթե քաղաքացին վճարի այդ պահին ունեցած պարտավորությունը կամ նախորդ տարիների պարտքը։ Բայց եթե քաղաքացին մինչև դեկտեմբերի 1-ը ժամանակ ունի գույքահարկը վճարելու ու հունվարին կամ փետրվարին տանում է մեքենան տեխզննման, ապա կարծում եմ, որ պետք չէ նրան ստիպել ժամկետից շուտ վճարել իր հարկային պարտավորությունները», – նշեց Թունյանը՝ հավելելով, որ իրենք առաջարկում են օրենքի մեջ ընթացիկ տարվա փոխարեն տվյալ դրույթը շարադրել այնպես, որ խոսքը վերաբերի միայն նախորդ տարիների հարկային պարտավորություններին։

«Սա մեր քաղաքացիներին կազատի բազմաթիվ գլխացավանքներից, քանի որ դեպքեր են լինում, երբ քաղաքացին ամբողջ տարվա գույքահարկը վճարում է տարվա սկզբին, ապա այդ մեքենան վաճառում է ու ընկնում բազմաթիվ թղթաբանությունների մեջ, որպեսզի իր ավել վճարած գումարը փոխհատուցեն, կամ ինչ-որ այլ մեխանիզմներով դա հաշվի առնվի», – հավելեց պատգամավորը։

Նա տեղեկացրեց, որ օրենքի փոփոխություններն ընդունելու դեպքում այն ուժի մեջ կմտնի 2025 թ. հունվարի 1-ից։

«ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին այս նախագիծը դրական եզրակացությամբ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման։ Ընդդիմադիր պատգամավորներից ոչ մեկը նիստին ներկա չէր։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print