Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 9-ին Սպիտակ տանը կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին։
Լրատվամիջոցը նշում է, որ Էրդողանն ապրիլի 20-ին Ստամբուլում հանդիպել է ՀԱՄԱՍ խմբավորման քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի հետ։ Կողմերը քննարկել են պոտենցիալ մշտական հրադադարի և Գազայի հատվածին հումանիտար օգնություն տրամադրելու արագացման հարցեր։
Նշենք, որ Թուրքիան ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպություն չի համարում՝ ի տարբերություն ԱՄՆ-ի և Եվրամիության։ Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Իսրայելի ղեկավարությունն անձնական պատասխանատվություն են կրում Մերձավոր Արևելքում վերջին լարվածության սրման համար։
Հավելենք, որ Միացյալ Նահանգները դիտարկում է իսրայելական բանակի մեկ կամ մի քանի գումարտակների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը, որոնք մեղադրվում են օկուպացված Հորդանան գետի արևմտյան ափում գործողությունների ընթացքում մարդու իրավունքների խախտումների համար։
factor.am