Ամերիկյան Օկլահոմա նահանգը պատուհասել է հորդառատ տեղումներով սաստիկ փոթորիկը, որը հանգեցրել է մի շարք տոռնադոների ձևավորմանը։ Դրա հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով տեղի Արտակարգ իրավիճակների վարչությանը:
Օկլահոմայի նահանգապետ Քևին Սթիթը նահանգում արտակարգ դրություն է հայտարարել։ Անցած հանգստյան օրերին Օկլահոմայի որոշ հատվածներում «միաժամանակ մի քանի խոշոր և չափազանց վտանգավոր տորնադոներ են գրանցվել», ըստ Ազգային եղանակային ծառայության: Որոշ վայրերում քամու պոռթկումները հասել են 218 կմ/ժ արագության:
Միայն Սալֆեր քաղաքում տուժել է մոտ 30 մարդ, նրանց վնասվածքների ծանրության մասին տեղեկություն չի տրամադրվել։ Սթիթը մանրամասնել է, որ քաղաքի կենտրոնական մասում գտնվող բոլոր ձեռնարկությունները ոչնչացվել են:
«Սա, անկասկած, ամենախոշոր վնասն է, որը ես երբևէ տեսել եմ նահանգապետ դառնալուց ի վեր»,- հավելել է նա: