«Հրապարակ» թերթը գրում է․ «Հոկտեմբերի 15-ին Սիսիանի ավագանու արտահերթ նիստում պետք է տեղի ունենար Սիսիանի նորընտիր համայնքապետ Արմեն Հակոբջանյանի երդման արարողությունը, սակայն քվորում չլինելու պատճառով նիստը չի կայացել։ Նիստին 21 անդամից ներկայացել էր 9-ը, ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել էին, որ վայր են դնում մանդատները, ավելի վաղ մանդատներից հրաժարվելու մասին հայտարարել էր նաեւ «Ապրելու երկիր» խմբակցությունը։ Գործող կարգի համաձայն, եթե քվորում չի ապահովվում, ու նիստը չի կայանում, ապա նույն օրակարգով նիստ նշանակվում է հաջորդ օրը։ Այսինքն՝ նիստը պետք է կայանար հոկտեմբերի 16-ին։ Սակայն ՔՊ-ն հետաձգել է կիրակի օրվա նիստը, այն կայանալու է այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ժամը 11։00-ին։ Հետաձգման պատճառն այն է, որ ՔՊ-ում հույս ունեն, որ ընդդիմադիրներից ավագանու երկու անդամի կարող են իրենց կողմը բերել։
Բանն այն է, որ չնայած ավագանու անդամները հայտարարել են մանդատներից հրաժարվելու մասին, սակայն, մեր տեղեկություններով, պաշտոնապես դեռ չեն ներկայացրել դիմումները, իսկ դա նշանակում է, որ կարող են ցանկացած պահի մասնակցել նիստին եւ իշխանության համար քվորում ապահովել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։