Նորանշանակ տնօրենի հետ աշխատանքային պայմանագիր է կնքվել հինգ տարով։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Կապանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Արսեն Բաբայանին, ով տնօրեն է նշանակվել մարզպետի՝ 2024թ․ ապրիլի 29-ի 151-Ա որոշմամբ՝ անցած շաբաթավերջին կայացած մրցույթի արդյունքում։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։
Նշվում է, որ նորանշանակ տնօրենի հետ աշխատանքային պայմանագիր է կնքվել հինգ տարով։
«Բոլորիս նպատակը բժշկական կենտրոնը պահպանելն ու առաջ տանելն է, աշխատանքի ընթացքում ԲԿ-ի շահերից դուրս այլ շահեր չունենալը, որովհետև վերջնարդյունքը պետք է լինի այս կենտրոնի ուժեղացումը, ժողովրդին բարձր որակի ծառայություններ մատուցելը», – նշեց մարզպետը։
Նորանշանակ տնօրենն իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզային իշխանությանը՝ վստահության համար ու նաև բուժանձնակազմին՝ իր պաշտոնակատար եղած ժամանակաշրջանում աշխատանքի համար։
«Երկու օր առաջվա ֆորսմաժորային վիճակում հավաստիացա, որ կարող ենք աշխատել որպես մեկ ընտանիք ու կարող ենք լուծել մեր առաջ դրված խնդիրները․ մեծ հույսեր ունեմ, որ սա շարունակվելու է, ու մենք կունենանք այնպիսի բժշկական կենտրոն, որը շատ քիչ կտարբերվի մայրաքաղաքի կենտրոններից», – ասաց Արսեն Բաբայանը։
Ռոբերտ Ղուկասյանն այսօր նաև շնորհակալություն հայտնեց Կապանի ԲԿ-ի ղեկավարությանը, կոլեկտիվին, շտապօգնության ծառայությանը՝ ապրիլի 27-ին ավտոբուսի վթարի իրավիճակում օպերատիվորեն ու բարձր մակարդակի արհեստավարժությամբ գործելու համար։