Ամիսներ շարունակ Ադրբեջանը ցանկանում էր հետքայլ անել Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու և դրա հիմքով դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելու վերաբերյալ պայմանավորվածությունից: Ամիսներ անց՝ ապրիլին, տեղի ունեցավ պայմանավորվածություն, ստորագրվեց արձանագրություն, որով կողմերը վերահաստատեցին, որ դելիմիտացիայի հիմքը լինելու է Ալմա Աթայի հռչակագիրը: Այս մասին խորհրդարանում արտահերթ ելույթի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:
Ըստ պատգամավորի՝ դա ենթադրում է, որ վերարտադրվելու են այն ադմինիստրատիվ սահմանները, որ գոյություն են ունեցել հայկական և ադրբեջանական ԽՍՀ-ների միջև Խորհրդային միության փլուզման պահին, այսինքն՝ 1991 թվականի դրությամբ:
Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ Ադրբեջանը փորձում էր սրանից խուսափել, որովհետև ցանկանում էր Հայաստան-Ադրբեջան սահման չլինի կամ լինի լղոզված, գործի ուժեղի իրավունքը, այսինքն՝ ում զորքը որտեղ կարող է կանգնել, այնտեղ էլ իր սահմաններն են:
Նա հորդորեց ընդդիմությանը չբարդացնել ամեն ինչ, չփորձել լեզվական միջոցներով իրենց արածի էությունը փոխել:
«Այս ամեն ինչի մեխը հետևյալն է՝ Հայաստան-Ադրբեջան սահման կա, այն անհստակ չէ: Հիմա վերահաստատվել է սկզբունքն առ այն, որ այս սահմանը վերարտադրվելու է, այսինքն՝ դելիմիտացիա տեղի է ունենալու Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա»,- ընդգծեց ԱԺ նախագահի տեղակալը: