Ինչ կլինի, եթե ռուսական կապիտալը դուրս մղվի Հայաստանի տնտեսությունից․ «Հրապարակ»

Հայաստանում լուրեր են տարածվում, թե Արեւմուտքը փորձում է Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից, եւ դա դրսեւորվում է ոչ միայն ռուսական ռազմաբազայի դուրսբերման եւ ՀԱՊԿ-ն լքելու պահանջների տեսքով, այլեւ գործնական քայլերով։ Հայտնի է, որ Հայաստանն ու Ռուսաստանը միմյանց հետ կապված են ինչպես ռազմական-դաշնակացական, այնպես էլ տնտեսական առումով։ Ռուսական ընկերություններն են շահագործում Մեծամորի ատոմակայանը, Հայաստանի երկաթուղին, գազամատակարարումն իրականացնում է ռուսական «Գազպրոմ» ընկերությունը, իսկ Հայաստանի էլեկտրական ցանցերն ու բարձրավոլտ էլեկտրական ցանցերը պատկանում են ռուսահայ գործարար Սամվել Կարապետյանին։ Հայաստանի հանքարդյունաբերության մի ահռելի մասն էլ է շահագործվում ռուսական կապիտալի կողմից՝ ԶՊՄԿ, Թեղուտ, Սոթք։

ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանին հարցրինք, թե ինչ կարծիքի է այս լուրերի մասին, ռուսական ընկերությունները կարո՞ղ են դուրս մղվել Հայաստանից։

 «Բոլոր պարագաներում ռիսկերը չափազանց մեծ են։ Հայաստանը Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվելու ժամանակահատվածում որոշակի առումով՝ ե՛ւ անվտանգային, ե՛ւ տնտեսական, ունեցել է, ես կասեի, մինչեւ անգամ մեծ հաջողություն։ Այս 30 տարիների ընթացքում որ մենք շուկայական հարաբերությունների մեջ ենք գտնվում, էլի մեր շրջանառությունը մեծապես պայմանավորված է Ռուսաստանի գործոնով, եւ որպես ապրանքափոխանակության դոմինանտ երկիր, մյուս կողմից էլ՝ մոտավորապես 3 մլն հայեր, եթե ոչ դրանից ավել, գտնվում են Ռուսաստանում եւ սոցիալական հարցը լուծում են ռուսական ռեսուրսների, ռուսական աշխատատեղերի միջոցով։ Նման իրավիճակում ամբողջությամբ ապավինել Արեւմուտքին, ես կարծում եմ, որ դա հղի է հետեւանքներով»։

Զրուցեցինք նաեւ էներգետիկայի ոլորտի փորձագետ Արմեն Մանվելյանի հետ։ Հնարավոր համարո՞ւմ է, որ ռուսական ընկերությունները դուրս մղվեն Հայաստանի էներգետիկ ոլորտից, եւ ի՞նչ հետեւանքներ դա կունենա Հայաստանի համար։ «Հուսամ, որ դա հնարավոր չէ, որովհետեւ դա շատ վատ հետեւանքներ կունենա առաջին հերթին Հայաստանի տնտեսության համար, որովհետեւ մենք այս պահին գազն առնում ենք 178 դոլարով՝ այն դեպքում, երբ Եվրոպայում միջին գինը 1000 դոլար է 1000 խմ-ի համար։ Նույնը վերաբերում է նաեւ ատոմակայանին, որովհետեւ աշխարհում ուրանով աշխատող բոլոր ատոմակայանների գրեթե 30-40 տոկոսի ուրանը մատակարարում է Ռուսաստանը։ Բացի այն, որ այդ ուրանը շատ որակով է, այն նաեւ համեմատաբար էժան է։ Այսինքն՝ փոխարինե՞լ թե՛ ռուսական գազը, թե՛ ուրանը, որը պետք է Հայաստանի ատոմակայանին։ Բացի դրանից՝ հաշվի առեք, որ Հայաստանից արտահանվող պատրաստի ապրանքների առյուծի բաժինը վաճառվում է ռուսական շուկաներում, իսկ դեպի Եվրոպա մենք մատակարարում ենք հիմնականում հումք, պղնձի խտանյութ ենք արտահանում՝ ուրիշ ոչինչ, իսկ գյուղատնտեսական եւ մյուս ապրանքներն արտահանվում են ռուսական շուկա։ Մեր կախվածությունը ռուսական շուկայից, գազից, ուրանից եւ մնացածից մեծ է, եւ Արեւմուտքը դրան փոխարինել չի կարող, որովհետեւ, առաջին հերթին՝ չունի, երկրորդ հերթին՝ ինքը դրա կարիքն ունի։ Հետեւաբար, այս ամենը կարող է շատ վատ վերջանալ Հայաստանի համար, եթե այսպես շարունակեն, եւ հայկական կողմն էլ նպաստի այդ քաղաքականությանը»,- պատասխանեց փորձագետը։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print