«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում հաճախ ենք ահազանգեր ստանում ծխախոտի շուկայում առկա խնդիրների մասին: Մեր կողմից բարձրաձայնած խնդիրներից մեկին` սպիտակ տուփերով անհայտ ծխախոտների թեմային, ՊԵԿ-ն արագ արձագանքեց, սակայն ինչպես փոխանցում են ուժային համակարգի մեր աղբյուրները՝ խնդիրն ամբողջովին լուծված չէ, ու դեռ նկատվում է նման տուփերով անհայտ ու էժան ծխախոտների առկայություն: Պարզ չէ՝ դրանք ավելի վաղ շուկա մտած անօրինական ապրանքի մնացորդնե՞րն են, թե՞ գործ ունենք նոր խմբաքանակի հետ:
Մեզ փոխանցում են, որ շուկայում շրջանառվում է նաև արտաքնապես ոչնչով չտարբերվող ծխախոտի խմբաքանակ, որը, ամենայն հավանականությամբ, դուրս է գալիս օդանավակայանների ու մաքսակետերի «Դյութի ֆրի»-ներից. դրանք ազատ մաքսային տարածքներ են, որտեղ վաճառվող ապրանքների վրա չի տարածվում ակցիզային կամ այլ հարկատեսակ:
Ստացվում է, որ նման ճանապարհով շուկայում հայտնված ու նույն գնով վաճառվող ապրանքից պետական բյուջե մուտքեր չեն կատարվում, ավելին՝ նման ապրանքը, ի տարբերություն սպիտակ տուփերով ծխախոտի, նույնիսկ էժան չէ, ու, ըստ էության, կազմակերպիչները գերշահույթ են ստանում` ի հաշիվ պետության: Թեման շարունակելու է մնալ մեր ուշադրության կենտրոնում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում