Բնակիչը քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելով՝ մասնավոր հարց է լուծել․ մեղադրանք

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի կողմից մասնավոր հարցին առնչվող վեճի լուծումը ստանձնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

«ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2022 թ․ Ալավերդի քաղաքի 49-ամյա բնակիչը համաքաղաքացուց վարձակալությամբ վերցրել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի վարձակալությունից առաջացած գումարը չի կարողացել վճարել, սակայն պարտավորվել է մաս-մաս վճարել։

Այնուհետև Գեղարքունիքի մարզի բնակիչը, ներգրավված լինելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրագործմանը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն, ստանձնել է հիշյալ հարցին առնչվող՝ 49-ամյա տղամարդու կողմից պարտք մնացած գումարի՝ բռնությամբ կամ անօրինական այլ գործողությունների միջոցով վերադարձման խնդրի լուծումը:

Պարզաբանումներ կատարելու նպատակով, 2022 թ․ դեկտեմբերից 2023 թ․ փետրվարի վերջն ընկած ժամանակահատվածում, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը զանգահարել է 49-ամյա տղամարդուն, հայտարարել, որ պարտք մնացած գումարը պետք է տան իրեն, քանի որ ինքն է զբաղվելու գումարը վերադարձնելու հարցով։ Այնուհետև, Գեղարքունիքի մարզի բնակիչը գումարը վերադարձնելու պահանջով պարբերաբար զանգահարել է 49-ամյա տղամարդուն և նրա կնոջը՝ ասելով, որ ինքը՝ «գողական կյանքով ապրող» և հարգված անձ է ու պարտք մնացած գումարը պետք է տան իրեն՝ դրա համար սահմանելով վերջնաժամկետ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Դատարանի որոշմամբ նշված անձի նկատմամբ կիրառվել է խափանման միջոց տնային կալանք։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print