«Google Maps» և «Google Earth» հավելվածներում Սյունիքի մի շարք տեղանունների կեղծ ադրբեջանական տարբերակներն այսուհետ վերափոխվել են փաստացի հայկական տեղանուններով։
«Google» ընկերության հետ աշխատանքի արդյունքում «Թաթոյան» հիմնադրամին և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի համատեղ ուժերով հաջողվել է «Google Maps» և «Google Earth» հավելվածներից հեռացնել ՀՀ Սյունիքի մարզի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տարբերակները։ Տեղեկությունը փոխանցում է «Թաթոյան» հիմնադրամը։
Հիշեցնենք, որ դեռևս սեպտեմբերի 29-ին Սիսիան քաղաքի բնակիչներից մեկի ահազանգի հիման վրա «Թաթոյան» հիմնադրամը պարզել էր, որ «Google Maps» և «Google Earth» հավելվածներում անվանափոխված և կեղծ կամ գոյություն չունեցող ադրբեջանական անուններով են նշված Սյունիքի մարզի մի շարք դպրոցներ, այգիներ ու հրապարակներ։