ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց լրագրողներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ:
«Շնորհավորում եմ մեր լրագրող գործընկերներին: Նաև հետաքրքիր է, որ այսօր «Լրագրողներ առանց սահմանների» հեղինակավոր կազմակերպությունը հրապարակել է 2024 թվականի զեկույցը, որով Հայաստանը 6 կետով կամ հորիզոնականով բարելավել է իր դիրքերը. նախորդ տարի 180 երկրի ցանկում 49-րդն էր, այս տարի 43-րդն է: Կարծում եմ՝ սա առավել քան խոսուն է»,- նշեց Ռուբինյանը:
Նշենք, որ «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցը: Ինդեքսը, որը գնահատում է լրագրողների աշխատանքային պայմանները աշխարհի շուրջ 180 երկրներում, հրապարակվել է մայիսի 3-ին՝ Մամուլի ազատության համաշխարհային օրը։
ՀՀ-ն ինդեքսում բարելավել է իր դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում։ Նախորդ տարի Հայաստանը զբաղեցնում էր 49-րդ հորիզոնականը։
Նշվել է, որ թեև երկրում առկա է բազմակարծության միջավայր, սակայն լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ․ «Երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, հատկապես Լեռնային Ղարաբաղի տարածքային վեճի և Ադրբեջանի հետ պատերազմի շարունակվող սպառնալիքի հետ կապված»։
«Մամուլի ազատության ինդեքսում» հարևան Վրաստանը՝ 103-րդ, Ադրբեջանը՝ 164-րդ, Թուրքիան՝ 158, իսկ Իրանը՝ 176-րդ հորիզոնականում են:
Ըստ զեկույցի՝ Հայաստանի հիմնական լրատվական աղբյուրները սոցիալական ցանցերն են, ուր ամեն օր մուտք է գործում բնակչության երկու երրորդը:
Շեշտվել է, որ հատկապես զգայուն են երկու քաղաքական թեմաներ՝ Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումները և Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների լարվածությունը, իսկ որոշ քաղաքական խմբեր ապատեղեկատվական գործողություններ են իրականացնում և թիրախավորում լրագրողներին։
Ըստ զեկույցի՝ չնայած զրպարտության ապաքրեականացմանը և լրատվամիջոցների սեփականության թափանցիկությունը երաշխավորող օրենսդրության կիրառմանը, ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը բավարար չափով չի պաշտպանում մամուլի ազատությունը և չի հետևում եվրոպական չափանիշներին:
Զեկույցում նաև անդրադարձ է կատարվել լրագրողների անվտագության խնդիրներին։ Նշվել է, որ Ադրբեջանի հետ սահմանին բախումները բարդացնում են լրագրողների աշխատանքը: