Ադրբեջանն օրինաչափորեն վախեր ունի
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ պաշտոնական Բաքվի հետեւողական, նենգ քայլերի հետեւանքով: Այս պետությունը գրեթե ամենօրյա ռեժիմով կրակ է բացում Հայաստանի արեւելյան սահմանի ուղղությամբ եւ դրանցում մեղադրում ՀՀ զինված ուժերին: Ադրբեջանն իր այս գործելաոճը զարգացնում է ավելի կատարելագործված կեղծիքի գործիքակազմով:
Ադրբեջանի նման վարքագիծն ունի երկու պատճառ: Առաջին՝ ագրեսիայի հետեւանքով ներխուժելով ՀՀ տարածք՝ Ադրբեջանն օրինաչափորեն վախեր ունի, եւ այդ վարքագծով են դրանք դրսեւորվում: Երկրորդ՝ պաշտոնական Բաքուն նման նվաճողական ագրեսիվ քաղաքականությամբ ոչ միայն լարված է պահում նոր իրավիճակը, այլեւ իր համար պատճառներ է իմիտացնում նոր ռազմական գործողությունների համար: Հատկանշական է, որ այս քաղաքականությունը Բաքուն եւ Անկարան տանում են համահունչ ու փոխհամաձայնեցված:
Այսպիսով՝ միանշանակ կարելի է փաստել, որ Թուրքիան խրախուսում է սադրանքների վերաբերյալ Ադրբեջանի՝ պարբերաբար կեղծ տեղեկատվություն տարածելու քաղաքականությունը, հետեւաբար նաեւ՝ պաշտոնական Բաքվի յուրաքանչյուր քայլի համար հավասարապես պատասխանատվություն է կրում: Բայց պետք է արձանագրել, որ Բաքվի այս կեղծ քարոզչությունն արդեն արդյունք չի տալիս համաշխարհային հանրության կարծիքը ձեւավորելու հարցում: Այս ամենը հաշվի չառնելով՝ Բաքուն շարունակում է իր կեղծիքի քաղաքականությունը, ինչը օրախնդիր է դարձնում սահմանային դիտորդական առաքելության աշխատանքների մեկնարկը՝ նմանատիպ սադրանքները կանխելու համար:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում