«Միջազգային իրավիճակն առավել քան երբևէ պահանջում է եվրա-չինական երկխոսություն». Մակրոն

Փարիզում կայացել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի եռակողմ հանդիպումը, հաղորդում է kommersant.ru-ն։

Սի Ծինփինն ասել է, որ ԵՄ-ն և Չինաստանը պետք է շարունակաբար նպաստեն համաշխարհային խաղաղությանը:

«Չինաստանը և ԵՄ-ն պետք է ձևավորեն ռազմավարական կոնսենսուս, զարգացնեն ռազմավարական համագործակցությունը, նպաստեն Չինաստան-ԵՄ հարաբերությունների առողջ և կայուն զարգացմանը և շարունակաբար նոր ներդրում ունենան համաշխարհային խաղաղության և զարգացման գործում»,- ասել է Չինաստանի ղեկավարը:

Սի Ծինփինը նաև ասել է, որ Չինաստանը Եվրոպայի հետ հարաբերությունները միշտ դիտարկել է ռազմավարական և երկարաժամկետ տեսանկյունից։ Նա հույս է հայտնել, որ Պեկինի և Փարիզի համագործակցությունը կզարգանա։

Էմանուել Մակրոնը, ինչպես հաղորդում է BFMTV-ն, հանդիպման ժամանակ ասել է, որ Եվրոպայի և Չինաստանի միջև երկխոսությունը «անհրաժեշտ է առավել քան երբևէ»՝ կապված աշխարհում տիրող իրավիճակի հետ։ Նա Պեկինի հետ համակարգումը որոշիչ է համարել Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտությունների հարցերում։

«Միջազգային իրավիճակն առավել քան երբևէ պահանջում է եվրա-չինական երկխոսություն: Մենք կքննարկենք Ուկրաինան և Մերձավոր Արևելքը, երկու խոշոր ճգնաժամեր, որոնց համատեքստում մեր միջև համակարգումը չափազանց կարևոր է», – ասել է Մակրոնը:

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ուշադրություն է հրավիրել համաշխարհային շուկայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա։ Նա Չինաստանի հետ հարաբերություններն որակել է «ամենաբարդ և միևնույն ժամանակ կարևորագույններից մեկը»։

«Շուկայի հասանելիության ներկայիս անհավասարակշռությունը կայուն չէ և պետք է լուծվի… Եվրոպան չի կարող ընդունել շուկան խեղաթյուրող գործելաոճը, որը կարող է հանգեցնել Եվրոպայում ապաարդյունաբերականացման», – ասել է ԵՀ ղեկավարը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print