Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ բանակցություններում ներգրավված է «անկեղծորեն, կառուցողաբար և բարի կամքով»։ Նրա խոսքով՝ վերջնական խաղաղության հաստատումը բխում է երկու երկրների ու ժողովուրդների շահերից։
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկա բանակցությունների կապակցությամբ. «Մեզ հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հոդվածների, հարցերի շուրջ։ Տեղի են ունենում նաև զուգահեռ գործընթացներ․ մեր սահմանային հանձնաժողովներն են հանդիպում՝ սահմանազատման գործընթացն սկսվել է, համաձայնության ենք եկել սկզբունքի շուրջ։ Մեր երկու երկրների ղեկավարներն են բազմաթիվ հանդիպումներ ունեցել և կրկին համաձայնության եկել մի քանի առանցքային հարցերի շուրջ, օրինակ, ամենակարևորը, որ երկու երկրները փոխադարձաբար վերահաստատում են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, նաև՝ սահմանազատումը պետք է տեղի ունենա այդ հռչակագրի հիման վրա։ Սա արտացոլված է նաև սահմանային հանձնաժողովների աշխատանքում»։ Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առ այն, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ ևս կհաջողվի համաձայնության հասնել․ «Կամ այս նույն հավատարմությունը, սկզբունքը արտացոլել նաև խաղաղության պայմանագրում։ Դրանից հետո շատ մոտ կլինենք խաղաղության կարգավորմանը»։
Միրզոյանն անդրադարձել է տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը՝ ասելով, որ այստեղ լիարժեք փոխըմբռնում չկա Ադրբեջանի հետ․
«Այս հարցերի շուրջ, կարծում եմ, մեզ կհաջողվի ուշ թե շուտ գալ համաձայնության, որովհետև երկրների ղեկավարների և փոխվարչապետերի դեպքում որոշակի փոխըմբռնում կա։ Եթե մեզ հաջողվի այս ամենը հստակ արձանագրել խաղաղության պայմանագրում, կարող եմ ասել, որ մենք տեղ ենք հասնում երկարատև խաղաղության հաստատման առումով»։