Սյունիքի ճանապարհներն կշահագործվեն դեռևս առանց ասֆալտի շերտի

Սյունիքի մարզի Տանձավեր–Շուռնուխ, Խոտ–Որոտան, Քաշունի–Բարձրավան ճանապարհների շինարարությունը նախատեսվում է ավարտել նոյեմբերին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Նախարարի խոսքով  նշված ճանապարհներն առայժմ շահագործման կհանձնվեն առանց ասֆալտապատման, սակայն ճանապարհային նշաններն ու մնացած անհրաժեշտ ամեն ինչ կլինի․ հաջորդ տարի կկատարվեն արդեն ասֆալտապատման աշխատանքները։

 «Մենք երթևեկության ինտենսիվությունը և ճանապարհների նոր կառուցված լինելը հաշվի առնելով` փորձում ենք դրանք անցանելի դարձնել բոլոր տեսակի մեքենաների համար, որպեսզի որևէ դժվարություն չլինի երթևեկելու համար։ Հետագայում նոր կասֆալտապատենք»,– ասել է Սանոսյանը։

Նրա խոսքով, Տանձավեր–Շուռնուխ և Քաշունի–Բարձրավան ճանապարհների շինարարությունն արդեն 80-90 տոկոսով ավարտված է։ Ինչ վերաբերում է Խոտ–Որոտան ճանապարհին, որի միջին հատվածը սողանքի հետևանքով շինարարության ընթացքում փլուզվել էր` հավելյալ խնդիրներ առաջացնելով, շինարարների, նախագծողի և նախարարության մասնագետի համատեղ աշխատանքի արդյունքում շուրջ 20 օր հետո շահագործման կհանձնվի։

«Մենք նոյեմբերին այդ հատվածում ևս կունենանք ամբողջովին անցանելի, բարվոք ճանապարհ։ Բայց այս տարի չենք հասցնի ասֆալտապատել, գարնանը նոր կասֆալտապատենք»,– ընդգծել է Սանոսյանը ։

Հիշեցնենք, որ 2022թ–ի մարտին Խոտ–Որոտան ճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքում փլուզում էր տեղի ունեցել, որի հետևանքով շինարարական աշխատանքները մի քանի ամսով հետաձգվել էին։

2022թ–ի օգոստոսի 18-ին ՀՀ կառավարությունը 2 միլիարդ 294 միլիոն դրամ էր հատկացրել Սյունիքի մարզի Որոտան-Խոտ ավտոճանապարհի վերակառուցման համար։

Գնել Սանոսյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ ՝ այստեղ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print