Բեռնատար ավտոմեքենան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած հանրահավաքի ժամանակ մտել է Հանրապետության հրապարակ։ Հանրահավաքի մասնակիցները կարողացել են հետ քաշվել, տուժածներ չկան, հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը տեղից։
«Բեռնատար ավտոմեքենայի վարորդը քշել է ժողովրդի վրա։ Ոստիկաննե՛ր, էդ շարքերում որ կանգնած եք, մոտեցե՛ք, խնդիրը լուծեք։ Ժողովուրդ ջան, ձեռք չտաք ոչ մեկին, վարորդին մատով չկպնեք»,–ասաց Բագրատ սրբազանը։
Նա ընդգծեց, որ դա դիտմամբ են անում մարդկանց սադրելու համար ու դեռ շատ են անելու նման բաներ։
Ոստիկանները փորձում էին կարգի հրավիրել հրապարակում հայտնված բեռնատարի վարորդին, սակայն չէին կարողանում նրան խցիկից հանել։
Այնուհետև բեռնատարը քշեցին ու տարան Հանրապետության հրապարակից, սակայն պարզ չէ` ոստիկաննե՞րը հեռացրին մեքենան, թե՞ վարորդը հեռացավ։