Աշխարհում մարդասիրական կարիքների համար ֆինանսավորման անհրաժեշտության աճի համատեքստում «Ավրորա» մրցանակի 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւը կուղղվի համայնքներում մարդասիրական գործունեություն իրականացնող անհատների աջակցությանը:
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ութերորդ մրցանակը շնորհվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գործող իրավապաշտպան, գինեկոլոգ, բժիշկ Դենիս Մուկվեգեին: Այս մասին հայտնում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունից։
Նա Կոնգոյի «Փանզի» հիվանդանոցի եւ հիմնադրամի նախագահն է, որը հիմնադրել է 1999 թվականին՝ մայրական առողջության եւ մայրական մահացության համակարգային խնդիրը լուծելու նպատակով: Շարունակվող հակամարտության եւ պատերազմից բխող առողջապահական կարիքների պայմաններում՝ հիվանդանոցը դարձել է հակամարտությունների ժամանակ սեռական բռնության ենթարկվածների բուժման առաջատար կենտրոններից մեկն աշխարհում:
Երեք ժամ տեւած փակ քննարկումից հետո «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը հրապարակեց իր որոշումը՝ արժանին մատուցելով բժիշկ Մուկվեգեին՝ խիզախ աշխատանքի եւ մարդու իրավունքների պաշտպանությանը ցուցաբերած նվիրումի համար: Դափնեկիրն ստանում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ եւ նվիրատվության շղթան շարունակելու բացառիկ հնարավորություն՝ աջակցելով համայնքային առաջնորդներին, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվող մարդկանց:
«Բժիշկ Մուկվեգեն իր կյանքը նվիրել է ոչ միայն սեռական բռնության դաժանությունից տուժած կանանց եւ աղջիկների խնամքին, այլեւ անկոտրում պայքար մղել նրանց իրավունքների պաշտպանության համար»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը, – ««Ավրորայի» համար պատիվ է աջակցել բժիշկ Մուկվեգեին՝ իր առաքելության իրագործման ճանապարհին, որն է՝ օգնել կարիքավորներին, արդարություն պահանջել պատերազմում սեռական բռնության զոհերի համար եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին»:
Հիվանդանոցի ստեղծումից ի վեր բժիշկ Մուկվեգեն եւ նրա թիմն օգնել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում սեռական բռնությունից տուժած ավելի քան 80.000 մարդու: Հիվանդանոցում բուժում են ոչ միայն նրանց ֆիզիկական վերքերը, այլեւ տրամադրում իրավական աջակցություն, սոցիալ-տնտեսական վերաինտեգրում եւ սոցիալ-հոգեբանական ծառայություններ: Բժիշկ Մուկվեգեն չի ընկրկել կանանց պաշտպանության եւ սեռական բռնության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործում՝ դեմ դուրս գալով նաեւ Կոնգոյի կառավարությանը եւ Կոնգոյի արեւելյան հատվածը պաշարած զինված խմբերին: 2018 թվականին նա արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։
«Բժիշկ Մուկվեգեն մարմնավորում է մարդասիրության ոգին՝ անխոնջ պայքար մղելով սեռական բռնությունը` որպես պատերազմի զենք, վերացնելու համար: Նրա՝ բռնությունից տուժածներին հուսահատությունից հանելու եւ նրանց դեպի ավելի լավ ապագա ուղեկցելու հաստատակամությունն իսկապես տպավորիչ է», – նշեց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին։ «Որպես 2024 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ բժշկելու եւ կարեկցելու նրա ունակությունն ու անցած ճանապարհը շարունակում է ոգեշնչել մեզ բոլորիս»:
Դենիս Մուկվեգեն Լոս Անջելեսում ընդունեց «Ավրորա» մրցանակն ի պատիվ աշխարհի բոլոր այն մարդկանց, որոնք պայքարում են հանուն գենդերային հավասարության եւ ընդդեմ բռնաբարության՝ որպես պատերազմի զենքի:
«Այս պահին ես մտածում եմ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի զորության մասին, որի օրինակն են այն բազմաթիվ կանայք, որոնց բուժել եմ: Ծայրահեղ բռնության ենթարկվելուց հետո էլ այս կանայք նորից ոտքի են կանգնում եւ ոչ միայն վերագտնում են իրենց ուժերը, այլեւ օգնության ձեռք մեկնում կարիքավորներին: Ես հիշում եմ մի հիվանդի, որի դեպքը խորապես ազդել էր մեր ողջ անձնակազմի վրա: Բուժվելուց հետո նա վերապատրաստվեց որպես բուժքույր: Ասաց, որ դա անում է, քանի որ ցանկանում է օգնել իր նմաններին»,- նշեց դոկտոր Մուկվեգեն։
2024 թ. խոշոր հակամարտություններն ի հայտ են բերել զանգվածային կարիքներ. ըստ ՄԱԿ-ի՝ այս տարի մոտ 300 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք կունենա: Աշխարհում գրեթե յուրաքանչյուր հինգերորդ երեխան ապրում է հակամարտության գոտում կամ փախչում այնտեղից:
«Այսօր վճռորոշ մի պահ է՝ մեր ուշադրությունն ու ռեսուրսները նվիրելու այն անհատներին, որոնք վտանգում են սեփական կյանքը՝ հոգալու նրանց մասին, ովքեր տառապում են»,- ասաց Ընտրող հանձնաժողովի անդամ եւ Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Լուիզ Ռիչարդսոնը: – «Բժիշկ Մուկվեգեն եւ շատ ուրիշներ իրենց արտասովոր խիզախությամբ եւ նվիրվածությամբ ոգեշնչում են մեզնից յուրաքանչյուրին ստեղծելու մի աշխարհ, որտեղ մենք ընդունում ենք մարդկայնության համընդհանուր արժեքները եւ գործում դրանց համահունչ»:
«Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը ներկա հյուրերը փառաբանեցին նաեւ «Ավրորայի» մյուս երկու հերոսներին՝ իրավապաշտպան Աբդուլհադի ալ-Խավաջային, որն անվեհեր պաշտպանել է ամենախոցելի համայնքների իրավունքները Բահրեյնում ու Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում, եւ իրանցի հայտնի իրավապաշտպան Նասրին Սոթուդեին: