Ֆրանսիան ողջունել է մայիսի 10-ին և 11-ին Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունների նոր նստաշրջանի անցկացումը։ Այս մասին ասվում է երկրի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
«Որպես այս գործընթացի հիմք՝ Ֆրանսիան ընդգծում է 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին ու տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը Երևանի ու Բաքվի հավատարմությունը վերահաստատելու կարևորությունը՝ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպմանը համահունչ։
Փարիզը կոչ է անում այս համատեքստում շարունակել սահմանի սահմանազատումը 2024 թվականի ապրիլի 19-ի արձանագրությունում համաձայնեցված սկզբունքների հիման վրա: Միևնույն ժամանակ, կոչ ենք անում շարունակել քննարկումները՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով։
Մենք ողջունում ենք Ղազախստանի իշխանությունների նախաձեռնությունը՝ նպաստելու այդ բանակցությունների անցկացմանը։
Ֆրանսիան իր գործընկերների հետ կշարունակի աշխատել Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ՝ միջազգային իրավունքին համապատասխան»,- ասվում է հաղորդագրությունում: