Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու համապարփակ խաղաղության ձեռքբերումը մնում է ԵԱՀԿ-ի առաջնահերթությունը: Երկխոսությունը, դիվանագիտությունը միակ ճանապարհն են: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջը:
«Համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև, որոնք առաջնորդվում են պրագմատիզմով և ազնվությամբ, անփոխարինելի է տևական և համապարփակ կարգավորման հասնելու համար: Սահմանազատման ուղղությամբ կատարված առաջխաղացումները, միանշանակ, արժեքավոր քայլ են այդ ճանապարհին:
Վաղը Բաքվում ես կարձագանքեմ այս ուղերձներին, կփոխանցեմ այս ուղերձներն ադրբեջանցի զրուցակիցներին և կոչ կանեմ վստահելի, կայուն հանձնառություն ունենալու բանակցություններին:
ԵԱՀԿ գործող նախագահի խոսքով՝ տասնամյակներ տևող հակամարտությունից և տառապանքից հետո խիստ հրամայական է, որ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները հասնեն խաղաղության, անվտանգության և բարգավաճման, որին իրապես արժանի են, ասաց նա և հավելեց, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է ավելի ներգրավված լինել և աջակցել տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված ջանքերին, մասնավորապես՝ տեղահանվածների և հակամարտությունից տուժած շրջաններում ապրող անձանց ճգնաժամային իրավիճակին:
«Միևնույն ժամանակ կշարունակենք սատարել, աջակցել բոլոր ազգային և միջազգային նախաձեռնություններին, որոնք դրական թափ են ստեղծում և շոշափելի արդյունքներ են տալիս հակամարտությունն արդյունավետորեն հաղթահարելու համար»,- ասաց նա:
Իեն Բորջը նաև ընդգծեց, որ Հայաստանը և ԵԱՀԿ-ն միասին համագործակցում են կարևոր նախաձեռնությունների շուրջ՝ ներառյալ անվտանգության ոլորտի բարեփոխումները և կլիմայի փոփոխության հետևանքների, անվտանգության նկատմամբ դիմակայունության բարձրացումը, ապա եզրափակելով խոսքը՝ հավելեց. «Նախարա՛ր Միրզոյան, Դուք կարող եք ձեր հույսը դնել մեր աջակցության վրա, ճիշտ այնպես ես եմ ձեզ վրա իմ հույսը դնում… Վստահեցնում եմ, որ իմ նպատակն է՝ որպես ԵԱՀԿ նախագահող, ամրապնդել և խորացնել մեր համագործակցությունը, նպաստել խաղաղությանն ու կայունությանն այս դժվարին ժամանակներում»: