Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև. Միրզոյան

Հենց համապարփակ, անխախտելի և համագործակցային անվտանգության հայեցակարգի ապահովումն է դրված ԵԱՀԿ ստեղծման և գործունեության հիմքում:

Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև, և այդ մարտահրավերները պահանջում են բոլոր մասնակից պետությունների կողմից ԵԱՀԿ պատասխանատվության գոտում կազմակերպության գործիքակազմի, բոլոր մեխանիզմների արդյունավետ կիրառմամբ առկա խնդիրների հասցեագրում: Այդ մասին ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Հենց համապարփակ, անխախտելի և համագործակցային անվտանգության հայեցակարգի ապահովումն է դրված ԵԱՀԿ ստեղծման և գործունեության հիմքում:

Մեր տարածաշրջանը՝ Հարավային Կովկասն էլ, ցավոք, զերծ չէ լրջագույն մարտահրավերներից, և դրանք իրենց հերթին խաթարում են ԵԱՀԿ այնպիսի առանցքային սկզբունքները, ինչպիսիք են պետությունների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Սրանք մարտահրավերներ են, որոնք ուղղակիորեն առնչվում են ԵԱՀԿ մանդատին և ընդգծում են կառույցի հասցեական ներգրավվածության կարևորությունը»,- ասաց նախարարը և հավելեց, որ այս համատեքստում է այսօր քննարկվել կառույցի հետ համագործակցության տեսլականը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print